Страницы

Տնտեսագիտական համալսարանը խորհրդի նիստ է անցկացրել

01 Февраль 2012

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի է ունեցել խորհրդի նիստ, որին մասնակցել են համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը, խորհրդի անդամներ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ազգային վիճակագրության ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, «Համահայկական բանկ» ԲԲԸ-ի տնօրեն Վահրամ Ներսիսյանցը, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ- տնօրեն Արա Կիրակոսյանը, պրոֆեսորադասախոսկան անձնակազմի և ուսանողնության ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է օրակարգային հարցը, որը վերաբերում էր ՀՊՏՀ 2011 թվականի ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներին և 2012 թվականի բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներին: Հարցի մասին զեկուցմամբ հանդես է եկել ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը։ 
«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հանրապետության առաջատար գիտակրթական օջախներից է, ունի մեծ հեղինակություն ու բարձր վարկանիշ:

Գործելով ռեսուրսների խնայողության ռեժիմի պայմաններում` հաշվետու տարում համալսարանը զգալի հաջողություններ է գրանցել կրթության որակի բարձրացման, հաղորդվող գիտելիքը ժամանակի պահանջներին համահունչ դարձնելու գործում»,- հայտարարել է խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ միաժամանակ նշելով, որ այսօր բուհի առջև ծառացած կարևորագույն խնդիրը որակյալ գիտամանկավարժական կադրերի պատրաստումն ու սերնդափոխությունն է: Այնուհետև Հովիկ Աբրահամյանը հրապարակել է խորհրդի նիստի որոշումը` հավանություն տալ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2011թ. ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու ֆինանսատնտեսական գործունեությանը, բյուջեի կատարման արդյունքները գնահատել բավարար և հաստատել ՀՊՏՀ 2012 թվականի բյուջեն։ Որոշումը դրվել է քվեարկության, որը խորհուրդն ընդունել է միաձայն:

16:29 • 31.01.12    Tert.am