Страницы

Վավերացում՝ արդյունքների և նոր հեռանկարների

11 Апрель 2012
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և «Փյունիկ» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն  Սարգսյանն այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ստորագրել են համագործակցության հուշագիր:
Կարևորելով մասնավոր և հասարակական կառույցների ներգրավումը կրթության ոլորտում՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է. «Համագործակցության այս հուշագիրը վավերացնում է մեր անցած ճանապարհի արդյունքները և նոր հեռանկարներ է ստեղծում կրթության ոլորտում հանրային հատվածից ներդրումներ ապահովելու համար:

 

Կրթության ապահովումը, իհարկե, պետության պարտականությունն է, սակայն  ժամանակակից աշխարհում կրթության զարգացման և համաֆինանսավորման շնորհակալ գործում լուրջ նպաստ են ունենում նաև  հանրային գիտակցություն և սոցիալական պատասխանատվություն ունեցեղ մասնավոր ընկերությունները: Հայաստանում դրանց թիվն առայժմ հեռու է ցանկալի մակարդակից: Եթե Հայաստանի 1000 խոշոր հարկատուները կարողանային քիչ թե շատ մասնաբաժիններ ունենալ կրթության ոլորտի ներդրումներում, ապա մենք կկարողանայինք որակյալ աճ ապահովել կրթության բոլոր հատվածներում: Իսկ կրթական ոլորտի ներդրումները պետք է իրականացվեն բացառապես պետության հետ համագործակցությամբ»:   
Նախարարը, շնորհակալություն հայտնելով «Փյունիկ» հիմնադրամին համագործակցության համար, նշել է, որ վերջինիս աջակցությամբ հանրապետության կրթական հաստատություններում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել: Վերջին 4 տարում ԿԳՆ-ի և հիմնադրամի աջակցությամբ հանրապետության դպրոցներում կահավորվել են «Ֆիզիկա», Քիմիա» և  «Կենսաբանություն» առարկաների շուրջ 750 լաբորատորիա, տեխնիկապես վերազինվել Երևանի Կոմիտասի անվան պետական  կոնսերվատորիան և նույն բուհի Գյումրիի մասնաճյուղը: Ծրագրեր են իրականացվել նաև ԵՊՀ-ում և ԵՊԲՀ-ում, ինչպես նաև ավագ դպրոցներից մեկում: 
 «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը նշել է, որ իրենց հիմնադրամն աշխատանքներ է կատարում բազմաթիվ ոլորտներում՝ շեշտադրելով, սակայն, կրթության ոլորտը։ Ընդգծելով, որ իրենց հիմնադրամը այդպես էլ կոչվում է` «Մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամ», Լևոն Սարգսյանը նշել է.«Առանց կրթված սերունդ ունենալու հնարավոր չէ լավ ապագա կառուցել»։
Հուշագրի ստորագրումից հետո ՀՀ ԿԳ նախարարը ներկա է գտնվել  մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ  ձևավորված համակարգչային լսարանի բացմանը։ (edu.am)