Страницы

Ռոսգոսստրախ Արմենիան պարգեւատրել է մրցույթի առաջին փուլի հաղթողներին

08 Ноябрь 2012

Երեւան/Մեդիամաքս/. Ռոսգոսստրախ Արմենիա ապահովագրական ընկերությունը նոյեմբերի 7-ին պարգեւատրվել է մայիսին հայտարարված ապահովագրական գործ ուսումնասիրող ուսանողների ռեֆերատների մրցույթի առաջին փուլի հաղթողներին: 
Ռեֆերատների համար առաջարկված հինգ թեմաներից հաղթող են ճանաչվել չորսը, թեմաներից մեկի վերաբերյալ հայտ չի ներկայացվել: Մրցույթին մասնակցել է 61 ռեֆերատ, որոնցից 4-ի հաղթողները ստացել են 100. 000 դրամ մրցանակ:

«Կենսաթոշակային ապահովագրություն. Համաշխարհային փորձը, կարճաժամկետ եւ երկարաժամկետ  հեռանկարները  Հայաստանում» թեմայով լավագույն աշխատանքը ներկայացրել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Լաուրա Այդինյանը: 

«Ինտերնետը որպես ապահովագրական պրոդուկտների վաճառքի այլընտրանքային ուղի» թեմայի լավագույն աշխատանքը` Հայաստանի Ագրարային համալսարանի ագրոբիզնես եւ շուկայաբանություն ֆակուլտետի  ապահովագրական գործ բաժնի չորրորդ կուրսի ուսանողուհի Գայանե Ասատրյանը. նա հանդիսանում է Ռոսգոսստրախ անվանական կրթաթոշակակիր:

«Պարտադիր բժշկական ապահովագրություն. Համաշխարհային փորձը եւ ներդրման հնարավորությունն Հայաստանում» թեմայով լավագույն աշխատանքը ներկայացրել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի ապահովագրական գործ բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի  ուսանողուհի Աննա Ղալայանը:

«Հեռանկարային ապահովագրական պարկուկները Հայաստանում» թեմայի լավագույն  աշխատանք է ճանաչվել Հայ-Ռուսական(Սլավոնական) համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Ռաֆայել Տեր-Սարգսյանի ռեֆերատը: 

«Եթե մրցույթի շնորհիվ գոնե մեկ ուսանող փոխի իր մոտեցումները ուսման վերաբերյալ, հավատա սեփական ուժերին ու գիտելիքի հզորությանը, մենք կհամարենք, որ այս գործընթացը հաջողված է»,- ասել է Ռոսգոսստրախ Արմենիա-ի գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը: Նա նշել է, որ Հայաստանում գործունեության առաջին օրվանից ընկերությունը համագործակցում է տարբեր բուհերի հետ, որի շնորհիվ ապահովագրական գործ ուսումնասիրող լավագույն ուսանողներին տրամադրվում է Ռոսգոսստրախ անվանակն կրթաթոշակ:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, շնորհավորելով ուսանողներին, նշել է, որ նախարարության  համար խիստ կարեւոր է մասնավոր հատվածի հետ համագործակցությունը: «Գնալով ավելանում է սոցիալապես պատասխանատու եւ մարդկային կապիտալի զարգացման մեջ ներդրումների շահավետությունը գնահատող մասնավոր հատվածի ներկայացուցիչների թիվը», - ասել է նա: 

Մրցանակների հանձնումից հետո հայտարարվել են մրցույթի երկրորդ փուլի պայմանները, որին կարող են մասնակցել առաջին փուլում հաղթած ուսանողները: Գլխավոր մրցանակն է եռօրյա ստաժավորում Մոսկվայի Ռոսգոսստրախ ընկերությունում, մասնակցություն մոսկովյան լավագույն բուհերից մեկում անցկացվող ապահովագրության դասընթացին: Երեք լավագույն աշխատանքների հեղինակները կստանան դրամական մրցանակներ`300.000, 200.000 եւ 100.000 դրամ: