Страницы

ՀՊՏՀ խորհրդի նիստում

13 Июль 2012

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ հուլիսի 12—ին տեղի ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացնելով նիստի օրակարգը նշեց, որ առաջին հարցով նախատեսված են ՀՊՏՀ Գյումրիի եւ Եղեգնաձորի մասնաճյուղերի տնօրենների ընտրությունները։ Գյումրիի մասնաճյուղի տնօրենի պաշտոնում առաջարկվեց Սամսոն Դավոյանի թեկնածությունը, իսկ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրենի պաշտոնում՝ Սոս Խաչիկյանի։ Խորհրդի անդամները փակ գաղտնի քվեարկությամբ ձայների բացարձակ մեծամասնությամբ ընտրեցին առաջադրված թեկնածուներին։
Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր ՀՊՏՀ կանոնադրության մեջ մասնակի փոփոխություններ կատարելուն։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը զեկուցեց, որ համալսարանի կանոնադրությունն ընդունվել է կառավարության 2005 թ. հոկտեմբերի 6—ի որոշմամբ, եւ տարիների ընթացքում կատարված օրենսդրական փոփոխություններով պայմանավորված՝ դրանում վերանայման անհրաժեշտություն է առաջացել։ Օրակարգի հաջորդ կետով մասնակի փոփոխություններ առաջարկվեցին նաեւ համալսարանի կազմակերպական կառուցվածքում։ Ռեկտորի զեկուցմամբ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մի շարք ամբիոնների միավորման կամ առանձնացման անհրաժեշտություն է առաջացել, ինչը կբերի աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպման։ ՀՊՏՀ խորհրդի անդամները քննարկեցին եւ քվեարկությամբ ընդունեցին ռեկտորի առաջարկությունները։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստում քննարկվեցին այլ հարցեր եւս։

hhpress.am