Страницы

Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կայացավ ՀՊՏՀ խորհրդի նիստը

17 Январь 2013

Այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նիստերի սրահում տեղի ունեցավ ՀՊՏՀ խորհրդի նիստը` ՀՊՏՀ խորհրդի նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, խորհրդի անդամների մասնակցությամբ: Հովիկ Աբրահամյանը ողջունեց նիստի մասնակիցներին, և քանի որ սա 2013-ի առաջին հանդիպումն էր, շնորհավորեց Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով` համոզմունք հայտնելով, որ 2013 թվականը կլինի նորանոր ձեռքբերումների տարի:
ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը հանդես եկավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2012 թվականի ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների և 2013 թվականի բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշների մասին զեկուցմամբ: Ռեկտորը տեղեկացրեց, որ ներկայացվող զեկուցման մեջ կատարվել է համալսարանի ձեռքբերումների և հատկապես թերությունների անաչառ վերլուծություն, հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների բացահայտում: Ռեկտորը հանգամանորեն անդրադարձավ ուսումնամեթոդական աշխատանքներին, ուսումնական գործընթացի կազմակերպմանն ու կատարելագործմանը, ուսանողների առաջադիմությանը, գիտական գործունեությանը, փորձառության կազմակերպման, ուսումնադաստիարակչական հարցերին, հասարակայնության հետ կապերին, շարունակական կրթությանը, բուհի միջազգայնացմանն ու տնտեսական գործունեությանը և այլ հարցերի:Այնուհետև Կորյուն Աթոյանը խորհրդին ներկայացրեց օրակարգի երկրորդ` ՀՊՏՀ-ի կազմակերպական կառուցվածքում հետազոտական կենտրոն ստեղծելու մասին հարցը: Նման կառույցի ձևավորման անհրաժեշտությունը բուհի ղեկավարը հիմնավորեց կրթության որակի և մրցունակության բարձրացման տեսանկյունից` նշելով, որ հետազոտական կենտրոնի նպատակն է լինելու խրախուսել և աջակցել երկրի տնտեսական քաղաքականության մի շարք բնագավառների հիմնախնդիրների ուսումնասիրությունը:Զեկուցման ավարտին ռեկտորը հատկանշեց, որ համալսարանը զարգացման իր ճանապարհին հետամուտ է լինելու յուրաքանչյուր ստորաբաժանման, աշխատակցի, դասախոսի, ուսանողի շուկայական պահանջվածության բարձրացմանը, համալսարանի առօրյայում մրցութային ընթացակարգերի ներդրմանը, ռեսուրսների բաշխմանը մրցութային հիմունքներով, դասախոսների ընտրանքային աջակցությունը` ըստ աշխատանքի ուղղությունների։ 
Լսելով և քննարկելով վերոնշյալ հարցերը` ՀՊՏՀ խորհուրդը` ՀՊՏՀ խորհրդի նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ որոշեց հավանություն տալ ՀՊՏՀ 2012 թվականի ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու ֆինանսատնտեսական գործունեությանը, 2012 թ. բյուջեի կատարման արդյունքները գնահատել բավարար և հաստատել ՀՊՏՀ 2013 թ. բյուջեն:Որոշումն ընդունվեց բաց քվեարկությամբ, միաձայն:
Neonews.am