Страницы

Հաստատվել է Տնտեսագիտական համալսարանի բյուջեն

01 Февраль 2012

17:10, 31 Հունվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի է ունեցել խորհրդի նիստ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստին մասնակցել են համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը, խորհրդի անդամներ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ազգային վիճակագրության ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, «Համահայկական բանկ» ԲԲԸ-ի տնօրեն Վահրամ Ներսիսյանցը, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ- տնօրեն Արա Կիրակոսյանը, պրոֆեսորադասախոսկան անձնակազմի և ուսանողնության ներկայացուցիչներ:

ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է  օրակարգային հարցը, որը վերաբերում էր ՀՊՏՀ 2011 թվականի ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներին և 2012 թվականի բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներին: Հարցի մասին զեկուցմամբ հանդես եկավ ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը։
«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հանրապետության առաջատար գիտակրթական օջախներից է, ունի մեծ հեղինակություն ու բարձր վարկանիշ: Գործելով ռեսուրսների խնայողության ռեժիմի պայմաններում` հաշվետու տարում համալսարանը զգալի հաջողություններ է գրանցել կրթության որակի բարձրացման, հաղորդվող գիտելիքը ժամանակի պահանջներին համահունչ դարձնելու գործում»,-հայտարարել է խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ միաժամանակ նշելով, որ այսօր բուհի առջև ծառացած կարևորագույն խնդիրը որակյալ գիտամանկավարժական կադրերի պատրաստումն ու սերնդափոխությունն է:

Հովիկ Աբրահամյանը հրապարակել է խորհրդի նիստի որոշումը` հավանություն տալ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2011թ. ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու ֆինանսատնտեսական գործունեությանը, բյուջեի կատարման արդյունքները գնահատել բավարար և հաստատել ՀՊՏՀ 2012 թվականի բյուջեն։ Որոշումը դրվել է քվեարկության, որը խորհուրդն ընդունել է միաձայն: