Страницы

Այս տարի Տնտեսագիտական համալսարան է ընդունվել 1263 դիմորդ

19 Июль 2012

«2012-2013թթ.-ի ուսումնական տարվա համար Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ընդունվելու համար դիմել է 2477 դիմորդ, որից ԲՈՒՀ է ընդունվել 1263 դիմորդ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՊՏՀ-ի ընդունելության խնդիրներին և ապագա ծրագրերին` ասաց տվյալ ԲՈՒՀ-ի ռեկտոր Կորյուն Աթոյանը:

Նա նշեց, որ նախորդ տարվա համեմատ՝ այս տարի ՀՊՏՀ ընդունվելու համար բավական բարձր մրցույթ է եղել, հատկապես մրցույթը բարձր է եղել բուհի՝ ավանդաբար ամենապահանջված մասնագիտությունների ուղղությամբ:

«Ֆինանսներ և վարկ մասնագիտության համար այս տարի անվճարի շեմը 59,5 միավորն է եղել, իսկ մյուս պահանջված մասնագիտություններով՝ կառավարում և միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտություններով անվճարի վերին շեմը եղել է 59 միավորը: Այս տարի 97 դիմորդ ընդունվել է անվճար, իսկ վճարովի՝ 1166-ը: ԲՈՒՀ-ի դիմորդների թվում են եղել 8 մեդալակիրներ»,-նշեց ռեկտորը:

Բանախոսը ասաց, որ իրենց բուհում ստեղծվել է կարիերայի կենտրոն, որը ուսումնասիրելու է թե ավարտող ուսանողներից քանիսն են աշխատանքի տեղավորվել՝ այդ թվում իրենց մասնագիտություններով:

Նրա խոսքերով, իրենք մեծ ուշադրություն են դարձնում ուսանողների կրթության և մասնագիտական գիտելիքների վրա, ինչպես նաև համագործակցում են տարբեր գործատուների հետ:

Կ.Աթոյանն ասաց, որ նոր դասագրքերի ստեղծման հետ կապված գոյություն ունեն որոշակի խնդիրներ, ինչպես նաև խնդիրներ են առաջ գալիս դասախոսների վերապատրաստման հետ կապված, և հարցի լուծումը տեսնում են ՌԴ ԲՈՒՀ-երում դասախոսների վերապատրաստման մեջ:

Ըստ ռեկտորի, աշխատաշուկայում գոյություն ունի լավ տնտեսագետների, հաշվապահների պահանջ, քանի որ ՀՀ-ում գրանցված են մի քանի հազար տնտեսվարող սուբյեկտներ: 

Aysor.am