Pages

Տնտեսագիտական համալսարանում բացվել են հարկային և մաքսային մասնագիտացված լսարաններ

13 Apr 2012

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը և ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը հանդիսավորությամբ կատարեցին ֆինանսական ֆակուլտետում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հովանավորությամբ հիմնանորոգված և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած հարկային և մաքսային մասնագիտացված երեք լսարանների բացումը: Այս իրադարձությունն ուղղակիորեն ածանցվում է 2011 թ. սեպտեմբերի 7-ին վավերացված ՀՊՏՀ-ՊԵԿ համագործակցության պայմանագրից, համաձայն որի՝ նոր ուսումնական տարվանից ՀՊՏՀ-ում սկիզբ է դրվում աննախադեպ մագիստրոսական կրթական ծրագրի իրականացման:

«Ուրախությամբ պետք է փաստեմ, որ Պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև անցած տարվա սեպտեմբերին ստորագրված համագործակցության պայմանագիրը հաջողությամբ կյանքի է կոչվում։ Արդեն այս ուսումնական տարվանից մեր բուհում կիրականացվի հարկային և մաքսային ոլորտների մասնագիտացմամբ պիլոտային մագիստրոսական ծրագիր: Հենց այս համագործակցության շրջանակներում է նաև, որ Պետական եկամուտների կոմիտեի աջակցության շնորհիվ այսօր մեր բուհում բացվեցին արդի պահանջներին համապատասխան նորոգված և ժամանակակից տեխնիկայով հագեցած 3 հրաշալի լսարաններ։ Վստահ եմ, որ այս լսարանները նո´ր որակ, նո´ր շունչ և նո´ր լիցքեր կհաղորդեն ուսումնական գործընթացին»,– հայտարարեց ռեկտոր Կորյուն Աթոյանը։ Անդրադառնալով ՀՊՏՀ–ի և Պետեկամուտների կոմիտեի միջև ստեղծված համագործակցությանը` ռեկտորը նշեց. «Մեր համալսարանում սկիզբ առած բարեփոխումները ոչ թե նպատակ են, այլ միջոց՝ ուղղված կրթության որակի բարձրացմանը և արդի տնտեսության պահանջներին համապատասխանող մասնագետների պատրաստմանը, իսկ բարձրակարգ տնտեսագետը տեսնում է ոչ միայն ներկան, այլև կանխատեսում ու կերտում է երկրի ապագան»։

Ի նշան երախտագիտության՝ համատեղ կրթական ծրագրերի իրականացման և ՀՊՏՀ–ին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից ցուցաբերած նյութատեխնիկական աջակցության համար ՀՊՏՀ ռեկտորատի նիստի որոշմամբ ՊԵԿ նախագահին շնորհվեց «ՀՊՏՀ բարեկամ» պատվավոր կոչում։ Բացի այդ՝ Կորյուն Աթոյանը ՊԵԿ նախագահին կրթությունը, գիտությունը, ինտելեկտըխորհրդանշող հուշանվեր նվիրեց։ Պետեկամուտների կոմիտեի հետ համատեղ ծրագրերն իրականություն դարձնելու գործում գործուն ներգրավվածության համար ռեկտոր Կորյուն Աթոյանը հուշանվեր հանձնեց նաև ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանին։

ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, շնորհակալություն հայտնելով բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանին համատեղ ծրագրի իրականացման համար, ընդգծեց ծրագրի կարևորությունն իրենց համակարգի համար։ Նրա խոսքով՝ ՀՊՏՀ–ի հետ իրականացվող կրթական ծրագիրը նոր ֆորմատ է, որը ենթադրում է բակալավրիատից հետո լավ կադրերին շատ խիստ պայմաններով մագիստրատուրա ընդունել՝ հարկային, մաքսային վարչարարություն և վերլուծական կարողություններ մասնագիտացումներով։ Գագիկ Խաչատրյանի խոսքով՝ իրենց համակարգին շատ կադրեր են պետք, որոնց պատրաստման համար ևս նախատեսվում է շարունակել բուհի հետ համագործակցությունը։

«Մենք համոզված ենք, որ այս կրթական ծրագրերը լուրջ էֆեկտ են տալու և երկու տարի հետո մենք լուրջ կադրային ռեզերվ ենք ստեղծելու»,– ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահը՝ ավելացվելով, որ նորաբաց լսարաններում պետք է լավ կադրեր պատրաստվեն։ «Ես կարծում եմ, որ մենք շատ լավ գործ ենք սկսել և կուրախանանք, եթե մենք առաջին շրջանավարտներն ունենանք մեր համակարգ»,– ընդգծեց Գագիկ Խաչատրյանը, հայտնում է ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: