Pages

Տնտեսագիտական համալսարանն առաջին անգամ Տեմպուսի ծրագիր կհամակարգի. մեկնարկը տրվեց այսօր

14 Dec 2012

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի է ունեցել Տեմպուս 4–ի «Համալսարան-գործատու՝ Հայկական համակարգող գործակալություն» («Արարատ») ծրագրի մեկնարկը, որի առիթով ՀՊՏՀ էին այցելել ծրագրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ Գերմանիայի, Իսպանիայի, Լատվիայի, Իտալիայի Սիցիլիայի և Պալերմոյի կրթական հաստատություններից, ինչպես նաև հայաստանյան բուհերից։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունից։

 

Տեղեկացնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն այս տարի շահել է Տեմպուսի երեք ծրագիր, որոնցից մեկի՝ այս «Արարատ» ծրագրի դեպքում, դարձել է նաև ծրագրի համակարգողը։ «Արարատը» ազգային եռամյա ծրագիր է և նպատակաուղղված է համալսարան-գործատու կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը։ Ծրագրի մեկնարկի կապակցությամբ ներկաներին շնորհավորել է ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը: «Համալսարանները վերակառուցվում են` ըստ նոր մարտահրավերների: Դառնում են ազատ ու ստեղծագործ մտքի բաց հարթակներ` հասարակությանը մատուցելով կրթական, գիտական և այլ ծառայություններ: Գիտելիքի էական զարգացման համար անհրաժեշտ է համալսարանների, մասնավորապես եվրոպական, տեղեկատվության և փաստաթղթերի փոխանակում, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացում կրթության առաջադիմության համար»,- կրթական համատեղ ծրագրերի ու նախագծերի իրականացման գործում առանցքային համարելով համալսարանների դերը` ասել է ռեկտորը: Նրա խոսքով` կրթօջախները պետք է դառնան ոչ միայն բաց համակարգեր, այլ կամրջեն կրթությունն ու աշխատաշուկան` այս գործընթացում ընդգրկելով բոլոր շահակիցներին`ուսանողներին, գործատուներին, շրջանավարտներին, ծնողներին, պետական և հասարակական կազմակերպություններին: Ռեկտորի խոսքով՝ ծրագրի գերնպատակն է կրթության բոլոր շահակիցների հետ աշխատելով՝ ապահովել կրթության և աշխատաշուկայի կապը և իրականացնել կրթական բարեփոխումներ` ելնելով աշխատաշուկայի պահանջներից:


ՀՀ ԿԳ նախարարության բարձրագույն և հետբուհական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանն իր խոսքում նշել է, որ ՀՀ ԿԳ նախարարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Տեմպուսի ծրագրերին, քանի որ դրանց միջոցով ստեղծվում է մի դաշտ, որտեղ բուհերը կարողանում են համագործակցել: Նա նաև հույս է հայտնել, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ղեկավարմամբ անցկացվող «Արարատ» ծրագիրը կօգնի նաև կրթության և գիտության նախարարությանը՝ գտնելու բուհ-գործատու կապն ամրապնդող առավել լավ գործիքներ։


Գործընկեր երկրներին և մասնակիցներին ողջունել է Տեմպուս ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան՝ համոզմունք հայտնելով, որ լինելով Հայաստանում առաջին այսպիսի ծրագրի համակարգողը՝ ՀՊՏՀ-ն այն հաջողությամբ կհամակարգի և կիրականացնի: Մասնագիտական կրթության որակի ապահովման կենտրոնի քաղաքականության մշակման և իրականացման վարչության պետ Սուսաննա Կարախանյանը ներկայացրել է ծրագրի հիմնական ուղղությունները:


«Արարատ» ծրագրի աշխատանքները կշարունակվեն նաև վաղը` դեկտեմբերի 14-ին: