Pages

Տնտեսագիտական համալսարանն առաջին անգամ կղեկավարի Տեմպուսի ծրագիր

14 Dec 2012

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի է ունեցել Տեմպուս 4–ի «Համալսարան–Գործատու Հայկական համակարգող գործակալություն» («Արարատ») ծրագրի մեկնարկը, որի առիթով ՀՊՏՀ էին այցելել ծրագրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ Գերմանիայի, Իսպանիայի, Լատվիայի, Իտալիայի Սիցիլիայի և Պալերմոյի կրթական հաստատություններից, ինչպես նաև հայաստանյան բուհերից։ Այս մասին հայտնում են ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն այս տարի շահել է Տեմպուսի երեք ծրագիր, որոնցից մեկի՝ այս «Արարատ» ծրագրի դեպքում, դարձել է նաև ծրագրի համակարգողը։
«Արարատը» ազգային եռամյա ծրագիր է և նպատակաուղղված է համալսարան–գործատու կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը։ 

«Համալսարանները վերակառուցվում են` ըստ նոր մարտահրավերների: Դառնում են ազատ ու ստեղծագործ մտքի բաց հարթակներ` հասարակությանը մատուցելով կրթական, գիտական և այլ ծառայություններ: Գիտելիքի էական զարգացման համար անհրաժեշտ է համալսարանների, մասնավորապես եվրոպական, տեղեկատվության և փաստաթղթերի փոխանակում, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացում կրթության առաջադիմության համար»,- ասել է ռեկտոր Կորյուն Աթոյան:

Նրա խոսքով` կրթօջախները պետք է դառնան ոչ միայն բաց համակարգեր, այլ կամրջեն կրթությունն ու աշխատաշուկան` այս գործընթացում ընդգրկելով բոլոր շահակիցներին`ուսանողներին, գործատուներին, շրջանավարտներին, ծնողներին, պետական և հասարակական կազմակերպություններին: Ռեկտորի խոսքով՝ ծրագրի գերնպատակն է կրթության բոլոր շահակիցների հետ աշխատելով՝ ապահովել կրթության և աշխատաշուկայի կապը և իրականացնել կրթական բարեփոխումներ` ելնելով աշխատաշուկայի պահանջներից: 

ՀՀ ԿԳ նախարարության բարձրագույն և հետբուհական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանն իր խոսքում նշել է, որ ՀՀ ԿԳ նախարարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Տեմպուսի ծրագրերին, քանի որ դրանց միջոցով ստեղծվում է մի դաշտ, որտեղ բուհերը կարողանում են համագործակցել: Նա նաև հույս է հայտնել, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ղեկավարմամբ անցկացվող «Արարատ» ծրագիրը կօգնի նաև կրթության և գիտության նախարարությանը՝ գտնելու բուհ–գործատու կապն ամրապնդող առավել լավ գործիքներ։
«Արարատ» ծրագրի աշխատանքները կշարունակվեն նաև վաղը` դեկտեմբերի 14-ին: