Pages

Տնտեսագիտական համալսարանը կսկսի կադրեր պատրաստել՝ հատուկ գործատուների համար

19 Jul 2012

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն (ՀՊՏՀ) այս տարվանից կսկսի կադրեր պատրաստել՝ հատուկ գործատուների համար, այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՊՏՀ ռեկտոր,տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը։

 «Անցած տարվա մայիսից սկսած մենք փորձում ենք համագործակցել կոնկրետ գերատեսչությունների հետ, որոնց հետ կնքված համագործակցության պայմանագրերի հիման վրա այս տարվանից սկսում ենք մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնել՝ հատուկ մասնագետներ պատրաստելով կոնկրետ գերատեսչությունների համար»,- ասաց նա։

Ռեկտորը պարզաբանեց, որ տվյալ ծրագրերի իրականացման արդյունքում բուհը կոնկրետ գերատեսչության համար կադր է պատրաստում, որը հետագայում կկարողանա աշխատանքի անցնել տվյալ հիմնարկում:

 ՀՊՏՀ-ն արդեն նման համագործակցության պայմանագրեր է կնքել ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի բանկերի միության, աշխատանքի և սոցիալական հարցերի, բնապահպանության նախարարությունների, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, պետգույքի կառավարման վարչության հետ:

Արդյունքում բուհը այս գերատեսչությունների հետ պատրաստվում է համատեղ մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնել, որն ավարտած ուսանողը կունենա երաշխավորված աշխատանք տվյալ գերատեսչությունում: «Մենք կադրը պատրաստում ենք աշխատաշուկայի համար, հետևաբար պետք է հաշվի առնենք աշխատաշուկայի պահանջները, հակառակ դեպքում մեր պատրաստած կադրը կլինի վերացական կադր»,- հայտարարեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:

 Կորյուն Աթոյանը, լրագրողների խնդրանքով անդրադառնալով նաև այն հարցին, թե ՀՊՏՀ-ն ավարտած ուսանողների քանի տոկոսն է գտնում աշխատանք, տեղեկացրեց, որ բուհում ստեղծվել է կարիերայի և մարկետինգի կենտրոն, որի գործունեության նպատակը շրջանավարտների՝ աշխատանքի տեղավորվելու գործընթացին հետևելն ու նրանց հետ հետադարձ ապահովելն է:

 ԵՊՏՀ ռեկտորը Կորյուն Աթոյանը նաև տեղեկացրեց, որ բուհի նպատակներից է որոշակի համագործակցային ծրագրերի շրջանակներում իրականացնել բուհի դասախոսների վերապատրաստման ծրագրեր:

tert.am