Pages

Տիգրան Սարգսյանը խոստանում է սոցիալապես անապահով ընտանիքների անդամներին ապահովել կրթությամբ և աշխատատեղերով

22 Nov 2012

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալական բնագավառում պետությունը կատարել է արմատական փոփոխություններ և Հայաստանի կառավարության նպատակն է պայքարել ոչ թե սոցիալական խնդիրների ու աղքատություն ծնող հետևանքների, այլ դրանց պատճառների վերացման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, այս մասին Հայաստանի տնտեսագիտական համալսարանում մեկնարկած «Ազգային տնտեսության մրցունակության բարձրացման հիմնախնդիրները» թեմայով 22-րդ գիտական նստաշրջանի բացմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Աղքատություն ծնող պատճառները կրթության և աշխատատեղերի բացակայությունն են: Աղքատ ընտանիքներում կրթվածության մակարդակը շատ ցածր է, քանի որ կրթությունը հասանելի չէ: Այսուհետ վերջիններիս կրթության ծախսերը պետությունը վերցնելու է իր վրա և աղքատությունը չպետք է պատճառ հանդիսանա, որ սոցիալապես անապահով ընտանիքների երիտասարդները կրթություն չստանան: Դրանով պայմանավորված էլ 2013 թվականի պետական բյուջեի ֆինանսական միջոցների վերաբաշխումը կատարել ենք ի օգուտ այս ռազմավարության: Լրացուցիչ միջոցներն ուղղելու ենք կրթական ծրագրերի իրականացմանը, առաջին հերթին աղքատ ընտանիքների համար»,- ասաց ՀՀ վարչապետը:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ հաջորդ խնդիրը սոցիալապես խոցելի ընտանիքների աշխատունակ անձանց աշխատանքով ապահովելն է: Կառավարության ղեկավարը նշեց, որ այս առումով բարդ հոգեբանական իրավիճակ է ստեղծվել. անապահով ընտանիքների աշխատունակ անձինք պատրաստ չեն աշխատել` չնայած որ ներկայիս 30-50 հազար դրամ սոցիալական նպաստի դիմաց կկարողանան վաստակել 100-120 հազար դրամ: «Պետք է հաղթահարենք այս հոգեբանական բարդույթը, որպեսզի մարդն իր աշխատանքով ապահովի իր ընտանիքի կենսունակությունը»,- նշեց գործադիրի ղեկավարը: