Pages

«Պետական գույքի կառավարումը» ներդրվում է բուհական համակարգում

07 Mar 2012

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պետական գույքի կառավարում» մասնագիտությամբ մագիստրոսական ծրագիր կներդրվի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 6-ին ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արմեն Սահակյանն ու համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը ստորագրեցին համագործակցության պայմանագիր: «Պետական գույքի կառավարման որակյալ մասնագետների պատրաստումը թույլ կտա համակարգում ավելի ճկուն լուծումներ մշակել ու պետական գույքն առավելագույնս ծառայեցնել հասարակության շահերին»,- ասաց Պետական գույքի կառավարման վարչության պետը:

Աթոյանի խոսքով` կրթական որակը բարձրացնելու ճանապարհներից մեկը գործատուների հետ կապի ամրապնդումն է, քանի որ նրանց պահանջներն իմանալու դեպքում` հնարավոր կլինի տնտեսության համար անհրաժեշտ ու որակյալ կադրեր պատրաստել:

Պայմանագիրն ուսանողներին թույլ կտա մասնակցել վերապատրաստման պարբերական գործընթացներին եւ աջակցել շրջանավարտներին` մասնագիտական աշխատանքով ապահովելու հարցում: «Ուսանողների առաջադիմությունից եւ ստացած գիտելիքներից է կախված աշխատանքի տեղավորվելու հարցը, այդ իսկ պատճառով նրանք շահագրգռված ու նպատակադրված կլինեն իրենց կրթական որակի բարելավման հարցում»,-ընդգծեց ռեկտորը: