Pages

«Պետական գույքի կառավարումը» ներառվել է բուհական համակարգում

07 Mar 2012

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև սկսվել է երկարաժամկետ գործակցության ծրագիր, որի մեկնարկը տրվել է այսօր: Համագործակցության պայմանագիրը ստորագրել են ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ու Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը:

Ըստ փաստաթղթի, մասնավորապես, առաջին անգամ Հայաստանում պետական գույքի կառավարումը՝ որպես մասնագիտություն, կդառնա բուհական կրթության բաղադրիչ, ինչը թույլ կտա երկկողմանի ջանքերով ոլորտի բարձրակարգ մասնագետներ պատրաստել, մասնակցել վերապատրաստման պարբերական գործընթացին և աջակցել համալսարանի շրջանավարտներին՝ մասնագիտական աշխատանքով ապահովելու հարցում:

«Մենք կարևորում ենք ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ պայմանագրի ստորագրումը և սրանով սկիզբ առնող համագործակցությունը: Վստահ եմ, որ այն երկարատև և փոխարդյունավետ է լինելու: Առաջին անգամ Հայաստանում պետական գույքի կառավարումը՝ որպես մասնագիտություն, կդառնա բուհական կրթության բաղադրիչ և դա՝ ձեր համալսարանում: Պետական գույքի կառավարման վարչությունը սկսել է համարձակ բարեփոխումների շրջան և հատկապես այս փուլից սկսած, մեզ անհրաժեշտ է մեր մասնագետների, պրոֆեսիոնալ կադրերի բազան շարունակել համալրել հատկապես Տնտեսագիտական համալսարանի հետ գործակցության շնորհիվ»,- ասել է Արման Սահակյանը:

Համալսարանում կներդրվի մագիստրոսական կրթական ծրագիր՝ «Պետական գույքի կառավարում» մասնագիտացմամբ: Կողմերը համատեղ կքննարկեն ուսումնական պլանները, առարկայական ծրագրերը և մագիստրոսական թեզերի թեմաները: Վարչության փորձառու աշխատակիցները ևս Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ կներգրավվեն կրթական ծրագրում: 

Համատեղ կհրատարակվեն դասագրքեր և այլ ուսումնամեթոդական նյութեր, կկազմակերպվեն և կանցկացվեն համատեղ գիտաժողովներ, սեմինարներ և քննարկումներ:

Բացի այդ, պետական գույքի կառավարման վարչությունը որոշակի ժամանակացույցով բուհի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար կկազմակերպի բաց դռների օր` Վարչության գործառույթները և համակարգի բարեփոխումները ներկայացնելու նպատակով: Դրանք հիմնականում ուղղված են պետական գույքի կառավարման արդյունավետության մեծացմանը: Ուսանողները նաև պրակտիկայի հնարավորություն կունենան ՊԳԿ համակարգում:

Աղբյուր` Panorama.am