Pages

ՀՊՏՀ-ում հայտարարվել է գիտահետազոտական նախագծերի դրամաշնորհների մրցույթ

20 Nov 2012

«Համալսարանում անցկացվող գիտական նստաշրջանները փորձագիտական յուրօրինակ հարթակ են Հայաստանի և համաշխարհային տնտեսության հրատապ հիմնախնդիրների քննարկման համար»: Այս մասին այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր մեկնարկած «Ազգային տնտեսության մրցունակության բարձրացման հիմնախնդիրները» թեմայով 22–րդ գիտական նստաշրջանում ասաց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:

Նշենք, որ նստաշրջանին մասնակցում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ Ներսես Երիցյանը, պետական կառավարման մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչներ, բուհերի ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Կ. Աթոյանը նշեց, որ համալսարանական գիտական նստաշրջանների նպատակը մեկ տարում կատարված գիտահետազոտական աշխատանքների արդյունքների համախմբված ներկայացումն է և հետազոտությունների հետագա ուղղությունների նախանշումը:

Ռեկտորի խոսքերով` Կառավարությունը որդեգրել է համալսարանական գիտության զարգացման քաղաքականություն, ուստի համալսարանական գիտնականները պետք է մշակեն կառավարության հայտարարած տնտեսության զարգացման գերակայությունների կենսագործման մեխանիզմների վերաբերյալ առաջարկություններ:

Կ.Աթոյանը նշեց, որ արձագանքելով ՀՀ կառավարության 2012-2017թթ. ծրագրին, ինչպես նաև կարևորելով բուհական գիտության մասնակցությունը երկրի զարգացման ծրագրերի իրականացմանը՝ ՀՊՏՀ-ում հայտարարվել է նշված գերակայություններին առնչվող գիտահետազոտական նախագծերի ներքին գիտական դրամաշնորհների մրցույթ: Ներկայացվել է 19 հայտ՝ շուրջ 50 մլն դրամ ընդհանուր արժողությամբ: Ներկայումս այդ նախագծերը փորձաքննության փուլում են, որից հետո մրցութային հանձնաժողովը որոշում կկայացնի դրամաշնորհների հատկացման վերաբերյալ: Բացի այդ, ըստ նրա, նախատեսվում է ստեղծել հետազոտական խմբեր և կիրառել նոր, ոչ ստանդարտ մոտեցումներ` երկրի զարգացման հրատապ հիմնախնդիրների առնչությամբ լուծումներ մշակելու, գիտնականների ակադեմիական շարժունությունը բարձրացնելու նպատակով:

Նշենք, որ նստաշրջանի առաջին լիագումար նիստում տարբեր բուհերի ռեկտորներ, ինչպես նաև պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ հանդես եկան մի շարք զեկույցներով: 
 

Աղբյուր` Panorama.am