Pages

ՀՊՏՀ-ում բացվեցին հարկային և մաքսային մասնագիտացված լսարաններ՝ մագիստրոսների համար

13 Apr 2012

 

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը և ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը հանդիսավորությամբ կատարեցին ֆինանսական ֆակուլտետում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հովանավորությամբ հիմնանորոգված և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած հարկային և մաքսային մասնագիտացված երեք լսարանների բացումը:

''Ուրախությամբ պետք է փաստեմ, որ Պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև անցած տարվա սեպտեմբերին ստորագրված համագործակցության պայմանագիրը հաջողությամբ կյանքի է կոչվում։ Արդեն այս ուսումնական տարվանից մեր բուհում կիրականացվի հարկային և մաքսային ոլորտների մասնագիտացմամբ պիլոտային մագիստրոսական ծրագիր: Հենց այս համագործակցության շրջանակներում է նաև, որ Պետական եկամուտների կոմիտեի աջակցության շնորհիվ այսօր մեր բուհում բացվեցին արդի պահանջներին համապատասխան նորոգված և ժամանակակից տեխնիկայով հագեցած 3 հրաշալի լսարաններ։ Վստահ եմ, որ այս լսարանները նո´ր որակ, նո´ր շունչ և նո´ր լիցքեր կհաղորդեն ուսումնական գործընթացին'',- հայտարարեց ռեկտոր Կորյուն Աթոյանը։

ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի խոսքով էլ՝ ՀՊՏՀ–ի հետ իրականացվող կրթական ծրագիրը նոր ֆորմատ է, որը ենթադրում է բակալավրիատից հետո լավ կադրերին շատ խիստ պայմաններով մագիստրատուրա ընդունել՝ հարկային, մաքսային վարչարարություն և վերլուծական կարողություններ մասնագիտացումներով։ Ըստ նրա` իրենց համակարգին շատ կադրեր են պետք, որոնց պատրաստման համար ևս նախատեսվում է շարունակել բուհի հետ համագործակցությունը։

''Մենք համոզված ենք, որ այս կրթական ծրագրերը լուրջ էֆեկտ են տալու և երկու տարի հետո մենք լուրջ կադրային ռեզերվ ենք ստեղծելու'',- ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահն՝ ավելացվելով, որ նորաբաց լսարաններում պետք է լավ կադրեր պատրաստվեն։

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

mamul.am