Pages

ՀՊՏՀ–ն ու Բնապահպանության նախարարությունը համագործակցության պայմանագիր են ստորագրել

02 Apr 2012

(mamul.am) Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտոր Կորյուն Աթոյանը և Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր տնտեսագիտական համալսարանում ստորագրեցին համագործակցության պայմանագիր, որով սկիզբ դրվեց ''Տնտեսական գործունեության բնապահպանական փորձաքննություն'' մասնագիտացմամբ մագիստրոսական ծրագրի համատեղ իրականացմանը:

''Յուրաքանչյուր գերատեսչություն պատվիրում է իր համար ամենապահանջված մասնագիտությունը: Բուհի համապատասխան ամբիոնի և տվյալ կառույցի հետ համատեղ քննարկվում ու բարեփոխվում են ուսումնական պլանները, առարկայական ծրագրերը, մագիստրոսական ատենախոսությունների թեմաները, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ համատեղ ներգրավվում են նախարարության համապատասխան մասնագիտական փորձառություն ունեցող աշխատակիցները'',- ասաց ռեկտոր Աթոյանն` ավելացնելով, որ բուհի ղեկավարությունը շատ է կարևորում իր ուսանողի, շրջանավարտի մասնագիտական ճակատագիրը և այսօրինակ ծրագրերով է նաև տեսնում խնդիրը լուծելու ճանապարհը: Այսպիսով՝ համագործակցության պայմանագրով դրվեց նոր, կարևոր ու նպատակային գործունեության սկիզբ:

''Մենք ուզում ենք հիմք դնել մի գործընթացի, որն իսկապես պահանջված է մեր տնտեսությունում և մեր երկրում գոյություն ունեցող էկոլոգիական խնդիրների կարգավորման գործում'',- իր խոսքում նշեց Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ հավելելով, որ մեր երկրի բնապահպանական գործընթացները լավագույն մասնագետների կարիք ունեն։ Նա այդ շարքում հատկապես կարևորեց բնապահպանության փորձաքննության մասնագետների դերը: Բնապահպանության նախարարը բուհին նվիրեց կենդանիների և բույսերի կարմիր գրքերի նոր հրատարակությունները։

Բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Գևորգյանը ողջունեց համագործակցող կողմերին և կարևորեց այն նախաձեռնությունները, որոնցով ժամանակի հրամայական պահանջները ստանում են արագ արձագանք:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

mamul.am