Pages

ՀՊՏՀ–ն ու Բնապահպանության նախարարությունը համագործակցության պայմանագիր են ստորագրել

30 Mar 2012

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտոր Կորյուն Աթոյանը եւ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր` մարտի 30-ին, տնտեսագիտական համալսարանում ստորագրել են համագործակցության պայմանագիր, որով սկիզբ է դրվել «Տնտեսական գործունեության բնապահպանական փորձաքննություն» մասնագիտացմամբ մագիստրոսական ծրագրի համատեղ իրականացմանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՊՏՀ Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: «Յուրաքանչյուր գերատեսչություն պատվիրում է իր համար ամենապահանջված մասնագիտությունը: Բուհի համապատասխան ամբիոնի եւ տվյալ կառույցի հետ համատեղ  քննարկվում ու բարեփոխվում են ուսումնական պլանները, առարկայական ծրագրերը, մագիստրոսական ատենախոսությունների թեմաները, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ համատեղ ներգրավվում են նախարարության համապատասխան մասնագիտական փորձառություն ունեցող աշխատակիցները»,- ասաց ռեկտոր Աթոյանը` ավելացնելով, որ բուհի ղեկավարությունը շատ է կարեւորում իր ուսանողի, շրջանավարտի մասնագիտական ճակատագիրը եւ այսօրինակ ծրագրերով է նաեւ տեսնում խնդիրը լուծելու ճանապարհը:

«Մենք ուզում ենք հիմք դնել մի գործընթացի, որն իսկապես պահանջված է մեր տնտեսությունում եւ մեր երկրում գոյություն ունեցող էկոլոգիական խնդիրների կարգավորման գործում»,-իր խոսքում նշել է Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ հավելելով, որ մեր երկրի բնապահպանական գործընթացները լավագույն մասնագետների կարիք ունեն։ Նա այդ շարքում հատկապես կարեւորեցլ է բնապահպանության փորձաքննության մասնագետների դերը: Բնապահպանության նախարարը բուհին նվիրել է կենդանիների եւ բույսերի կարմիր գրքերի նոր հրատարակությունները:

 

Լուրեր Հայաստանից - NEWS.am