Pages

ՀՊՏՀ-ն նոր գույներ ու նորացված կայք ունի

29 Dec 2011
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) հանդիսությունների սրահում տեղի ունեցավ բուհի պաշտոնական կայքի (http://www.asue.am/) բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր նաեւ ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը, բուհի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմն ու ուսանողությունը. բոլորն էլ հետաքրքրված էին, թե համացանցում ինչպիսին է լինելու իրենց «երկրորդ տունը»:

Հարկ է նշել, որ համալսարանի նորացված կայքը պատրաստել է «Braind» ընկերությունը, որի տնօրենը ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի դասախոս Կարեն Բաբաջանյանն է: Վերջինս հյուրերին ներկայացրեց նորաբաց կայքի բովանդակային ու ոճային առանձնահատկությունները:

«Նոր կայքն այցելուներին կներկայանա բոլորովին նոր դիզայնով, տեխնիկական եւ ծրագրային հետաքրքիր լուծումներով, նոր էջերով եւ ուշագրավ խորագրերով: Ավելին` մինչ այս պահը համալսարանը չուներ իր գույները: Այդ խնդիրն էլ է լուծվել, ու այսուհետ ՀՊՏՀ գույներն են լինելու սպիտակը եւ ալ կարմիրը, որոնք միանգամից գրավում են դիմացինին»,- ասաց Կարեն Բաբաջանյանը` հավելելով, որ այդ կերպ իրենք ներկայանում են ամբողջ աշխարհին:

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն էլ իր խոսքում նշեց, որ համալսարանի այցեքարտ հանդիսացող ու հանրության շրջանում կերպար ձեւավորող նորաստեղծ կայքն արտացոլելու է բուհի իրական դեմքը եւ ուսումնական գործընթացներում օժանդակելու է ուսանողներին:

«Եկե՛ք միասին արձանագրենք մեր համատեղ ձեռքբերումների փաստը եւ կանգ չառնենք ճանապարհի ամենաթեժ խաչմերուկում: Վստահեցնում եմ, որ «Մենք օրեցօր փոխվում ենք դեպի լավը» կարգախոսին հավատարիմ մնալով` մեր նախաձեռնած փոփոխությունները շարունակական բնույթ են կրելու»,- ասաց բուհի ռեկտորը:

«Գտնում եմ, որ կայքի ստեղծման գործում տիտանական աշխատանք է կատարվել: Համոզված եմ` աշխատողները պրոֆեսիոնալներ են եղել, ովքեր ընդամենը 2.5 ամսում հասել են այսպիսի բարձր արդյունքի: Ես գոհ եւ շնորհակալ եմ նրանց»,- բուհի նոր կայքը տեսնելուց հետո ասաց ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը` ավելացնելով, որ այս արագ փոփոխվող աշխարհում այսպիսի բարձրակարգ կայքերի բացումը շատ կարեւոր քայլ է:

Հ.Գ.: Համալսարանի պաշտոնական նորացված կայքն ուսանողին եզակի հնարավորություն է ընձեռում «կտրվելու» գրադարանի, դեկանատների եւ ամբիոնների դռներից, իսկ բուհի ապագա ուսանողներն էլ պարզապես րոպեների ընթացքում կարող են ծանոթանալ ոչ միայն ընդունելության կարգին, այլեւ համալսարանի «ներքին աշխարհին»:

Բոլորին է հայտնի, որ պաշտոնական կայքէջը բուհի այցեքարտն է: Մտնում ես կայքէջ, համապատասխան կարծիք կազմում տվյալ բուհի մասին, ապա սկսում ես համագործակցել: Կարծում ենք, որ նորաբաց կայքի շնորհիվ ՀՊՏՀ-ն նորանոր հաջողություններ կարձանագրի:

Հարություն Ծատրյան
eritasard.am