Pages

ՀՊՏՀ–ն ճանապարհեց իր շրջանավարտներին

10 Jul 2012

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում երեկ՝ հուլիսի 9–ին, տեղի ունեցավ «ՀՊՏՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ – 2012» միջոցառումը։ Առավոտյան ժամը 11.00-ից սկսած՝ բոլոր ֆակուլտետների հատուկ հատկացված լսարաններում առկա բակալավրիատի շրջանավարտներին հանձնվեցին  ավարտական պետական դիպլոմներ: Նրանց շնորհավորեցին դեկաններն ու ամբիոնների վարիչները:

ՀՊՏՀ դիպլոմների հանձնման միջոցառումը շարունակվեց երեկոյան ժամը 18.00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, որտեղ ՀՊՏՀ ղեկավարությունն իր շրջանավարտներին ոչ միայն շնորհեց բարձրագույն կրթությունը փաստող վավերագրերը, այլև նվիրեց հանդիսավոր արարողություն: Ամբողջ ընթացքում շրջանավարտների կողքին էին համալսարանի ղեկավարությունը, վաստակաշատ գիտնական մանկավարժները, ծնողները ու հարազատները: Նրանք եկել էին իրենց սրտի խոսքը հղելու և բարի երթ մաղթելու իրենց սաներին, հարազատներին, զավակներին` հանրապետության տնտեսագիտական մայր բուհի շրջանավարտներին, նրանց, ովքեր վաղը կշենացնեն հայրենական տնտեսությունը, կզարգացնեն հայ տնտեսագիտական միտքը:

Շնորհավորելով ՀՊՏՀ շրջանավարտներին՝ ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը օրվա հերոսներին մաղթեց ամենայն բարիք, անձնական երջանկություն, մասնագիտական ու աշխատանքային հաջողություններ: Շրջանավարտներին ուղղված իր խոսքում, կարևորելով ուսումնական կյանքի ավարտ նշանավորող այս շրջափուլը, որն արձանագրում է երեկվա ուսանողների ներդրած ջանքերի արդյունքը, ռեկտորը նշեց.

«Այսօրը որքան ուրախալի, նույնքան էլ պատասխանատու է, քանզի ավարտելով Տնտեսագիտական համալսարանը և ստանալով ավարտական դիպլոմները` Դուք մտնում եք մեծ կյանք, որտեղ էլ փորձության են ենթարկվելու ոչ միայն Ձեր ստացած գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները, այլ նաև` մարդկային հատկանիշները։ Հուսով ենք, որ բուհից հեռանում եք միայն լավ տրամադրությամբ ու տպավորություններով, գիտելիքների մեծ զինանոցով և որպես մասնագետ ինքնահաստատվելու աննկուն վճռականությամբ»։ Ռեկտորը վստահություն հայտնեց, որ այսօրվա շրջանավարտների սերունդը լինելու է մեծ նվաճումներ ու առաջընթաց կերտող, իր հայրենիքի համար լավագույն ապագա կառուցող սերունդ:

Ուսումնառության տարիներին բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներից մի քանիսին Կորյուն Աթոյանն անձամբ հանձնեց Կարմիր դիպլոմներ:

ՀՊՏՀ շրջանավարտներին շնորհավորանքի խոսք հղեց ՀՊՏՀ շրջանավարտների միության նախագահ Կարեն Ճշմարիտյանը: Նա մաղթեց, որ կյանքի նոր շրջափուլ թևակոխելով` իրենց նպատակներին հասնելու ճանապարհին երիտասարդ մասնագետները երբեք չզոհաբերեն պատիվն ու արժանապատվությունը և կառուցեն ազատ, անկախ ու բարեկեցիկ երկիր:

Օրվա հերոսներին շնորհավորեց նաև ՀՊՏՀ նախկին ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանը, ով բարեմաղթանքների կողքին հորդորեց կյանքում գնահատել ու կարևորել աշխատանքը և երբեք չխզել կապը մայր բուհի հետ: Ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանի կոչով բոլոր ներկաները ծափահարեցին այն շրջանավարտներին, որոնք ավարտելով համալսարանը` անմիջապես զինվորագրվել են հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Կարեն Ճշմարիտյանը, Գրիգոր Կիրակոսյանը, Սևակ Խաչատրյանը նույնպես հանդիսավոր կերպով հանձնեցին գերազանցության դիպլոմներ:

Շրջանավարտներին ու հյուրերին իրենց համերգային գեղեցիկ կատարումներով ողջունեցին «Reincarnation»  և  «The Beautified project» խմբերը:  Երկու ժամ շարունակ իշխեց կենսուրախ, երաժշտությամբ հագեցած մթնոլորտ, որը բոլորին երիտասարդական լիցքեր հաղորդեց:

Հավելենք, որ 2011-2012 ուսումնական տարում ՀՊՏՀ–ն առկա ուսուցմամբ բակալավրիատի 23, հեռակա ուսուցմամբ բակալավրիատի 11 և առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 31  մասնագիտություններով և մասնագիտացումներով  թողարկել է 1870 շրջանավարտ:

noratert.am