Pages

Հայաստանի տնտեսագիտական համալսարանը կպատրաստի բնապահպանական փորձաքննության բնագավառի որակյալ մասնագետներ

30 Mar 2012

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը եւ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը ստորագրեցին  համագործակցության պայմանագիր մարտի 30-ին` ՀՊՏՀ նիստերի սրահում:

Պայմանագրի ստորագրմամբ համալսարանում կիրականացվի «Տնտեսական գործունեության բնապահպանական փորձաքննություն» մասնագիտացմամբ մագիստրոսական կրթական ծրագիր:

«Այս կերպ մենք ցանկանում  ենք հիմք դնել մի գործընթացի, որը պահանջված է մեր երկրում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նշեց  ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նրա խոսքով` մագիստրոսական ծրագրի ներդրումը հնարավորություն կընձեռի ոլորտում առկա  էկոլոգիական խնդիրների լուծման համար, եւ  դրական արդյունքները առաջիկա տարիներին տեսանելի կլինեն:

«Մենք մեծապես կարեւորում ենք այս պայմանագիրը: Այն հնարավորություն կընձեռի պատրաստել մեծ պահանջարկ ունեցող մասնագետներ»,- ասաց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը: Նա վստահեցրեց, որ պայմանագրի հիման վրա բուհը կպատրաստի այնպիսի մասնագետներ, որոնք կզբաղվեն բնապահպանական ոլորտին վերաբերող արդիական եւ հրատապ  խնդիրների վերացմամբ:

Կնքված համաձայնագիրը համալսարանի կողմից գործատուի հետ կապերն ամրապնդելու եւ համագործակցութան ճանապարհով հանրապետության համար որակյալ կադրեր պատրաստելուն միտված  յոթերորդ պայմանագիրն է: Այն  նախատեսում է նախարարության հետ համաձայնեցնել նշված մասնագիտացման մագիստրոսի կրթական ծրագրի ուսումնական պլանները, առարկայական ծրագրերը եւ մագիստրոսական թեզերի թեմաները:  Ծրագրի իրականացման նպատակով համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ համատեղ կներգրավեն նախարարության համապատասխան մասնագիտական փորձառություն ունեցող աշխատակիցները: