Pages

Կրթության պահանջներին ավելի համահունչ

12 Apr 2012
Համագործակցության հուշագիր եւ համակարգչային լսարան՝ ՀՊՏՀ–ում

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը երեկ բուհում հյուրընկալեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին եւ «Փյունիկ» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանին, հայտնում են ՀՊՏՀ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Պատվավոր հյուրերին հյուրընկալելու առիթը հիմնադրամի եւ նախարարության միջեւ համագործակցության հուշագրի ստորագրումն էր, ինչպես նաեւ ՀՊՏՀ մարքեթինգի եւ բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում «Փյունիկ»—ի նվիրատվությամբ հիմնանորոգված եւ համակարգիչներով կահավորված լսարանի հանդիսավոր բացումը։

«Համագործակցության այս հուշագիրը վավերացնում է մեր անցած ճանապարհի արդյունքները եւ նոր հեռանկարներ է ստեղծում»,— հուշագրի ստորագրումից հետո ասաց ՀՀ ԿԳ նախարարը եւ անդրադարձ կատարեց կրթության ոլորտում «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի գործունեությանը, որում դրսեւորվում է կազմակերպության բարձր հանրային գիտակցությունն ու սոցիալական պատասխանատվությունը։
«Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանը նշեց, որ իրենց հիմնադրամն աշխատանքներ է կատարում բազմաթիվ ոլորտներում՝ շեշտադրելով, սակայն, կրթության ոլորտը։ Ընդգծելով, որ իրենց հիմնադրամը այդպես էլ կոչվում է՝ «Մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամ», Լեւոն Սարգսյանը նշեց, որ առանց կրթված սերունդ ունենալու հնարավոր չէ լավ ապագա կառուցել։
Հուշագրի ստորագրումից հետո հյուրերը եղան մարքեթինգի եւ բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում, որտեղ Լեւոն Սարգսյանն ու ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը կատարեցին «Փյունիկ» հիմնադրամի միջոցներով վերանորոգված եւ համակարգչային տեխնիկայով համալրված լսարանի բացումը։
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն ընդգծեց նման հարմարավետ ու տեխնիկապես հագեցած լսարանների կարեւորությունը՝ շեշտելով, որ «Փյունիկ» հիմնադրամի նվիրատվության շնորհիվ բուհում ուսումնառությունը կդառնա ավելի արդյունավետ եւ կրթության ժամանակակից զարգացումներին ու պահանջին ավելի համահունչ։ (hhpress)