Pages

ԿԲ-ի ներկայացուցիչները հյուրընկալվել են ՀՊՏՀ-ում

26 Sep 2012

Երեւան/Մեդիամաքս/. Երեկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ)  կայացել է ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հանդիպումը ուսանողների հետ: 
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՊՏՀ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնում, հանդիպման ընթացքում ԿԲ-ի ներկայացուցիչները հորդորել են ուսանողներին ավելի ակտիվ մասնակցել  ՀՀ ԿԲ-ի առաջին նախագահ՝  Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի մրցույթին:

ԿԲ-ի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի խոսքերով, արդեն 7 տարի է, ինչ ԿԲ-ն հայտարարում է Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի մրցույթ եւ  հաղթողներին արժանացնում կրթաթոշակի:  «Ցավոք, արդեն 2-3 տարի է, ինչ նվազել է ուսանողների մասնակցությունն այս մրցույթին»,- նշել է Ներսես Երիցյանը, հույս հայտնելով, որ այս հանդիպման ընթացքում ուսանողները կտեղեկանան Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի մրցույթին առնչվող շատ հարցերի եւ ավելի ակտիվ մասնակցություն կունենան: 

Իր հերթին, ԿԲ-ի  անձնակազմի կառավարման վարչության պետ Գայանե Խաչատրյանը ներկայացրել է  մրցույթի պահանջները, ինչպես նաեւ կենտրոնական բանկում աշխատատեղ համալրելու ուղիները:  Նա նշել է, որ այսօր էլ Իսահակ Իսահակյանը  աշխատում է Կենտրոնական բանկում որպես խորհրդական եւ իր արժեքավոր խորհուրդներով մշտապես օգնում ու աջակցում է ԿԲ -ի աշխատակիցներին:

Այնուհետեւ, զեկուցմամբ հանդես է եկել ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության վարչության մոդելավորման եւ կանխատեսումների բաժնի մակրոտնտեսագետ Հայկ Ավետիսյանը՝ ուսանողներին ներկայացնելով ՀՀ-ում արժութային ճգնաժամերի կանխատեսման վաղաժամ ազդանշանային համակարգերը:  

Իսկ ԿԲ-ի տնտեսական վիճակագրության զարգացման բաժնի պետ Աշոտ Պետրոսյանը ուսանողներին տեղեկացրել է, որ ԿԲ-ն իրականացնում է «Միկրոտվյալների շտեմարանի հարցումներ» ծրագիրը, որի նպատակն այլընտրանքային եղանակով տեղեկատվության ստացումն է:  Նա նշեց, որ  այս աշխատանքներում, որպես հարցազրուցավարներ, կարող են ներգրավվել բուհերի շրջանավարտները, որոնք կկատարեն այցելություններ մարզերի բիզնես միավորներ, տնային եւ գյուղացիական տնտեսություններ եւ  կհավաքագրեն տվյալներ: