Pages

Արտեմ Ասատրյանը տնտեսագիտական համալսարանի ուսանողներին ներկայացրեց կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը

14 Oct 2012

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը վարեց բաց դաս, որի ժամանակ նախարարը ուսանողներին ներկայացրեց «Կոլեկտիվ ներդրումային համակարգերի կառավարում» մասնագիտացումը, ինչպես նաև՝ մեր երկրում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը, փուլերն ու հիմնական ուղղությունները:

Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ` Հայաստանում գործող կենսաթոշակային համակարգը կառուցվել է սերունդների համերաշխության սկզբունքի հիման վրա: 
Նրա խոսքերով՝ ՀՀ կառավարությունը նախաձեռնել և իրականացնում է արմատական կենսաթոշակային բարեփոխումներ, որի արդյունքում ներդրվել է բազմաստիճան կենսաթոշակային համակարգ, որը գործող բաշխողական բաղադրիչից բացի, ներառելու է ևս երկու կենսաթոշակային բաղադրիչներ` պարտադիր կուտակային և կամավոր կուտակային: Նա նշեց, որ 2011 թ-ի հունվարից ներդրվել է կամավոր կուտակային համակարգը, իսկ պարտադիր կուտակային բաղադրիչը կսկսի գործել 2014թ. հունվարից: Ա.Ասատրյանը նշեց նաև, որ բարեփոխումների արդյունքները նկատելի կլինեն 10-20 տարի հետո:

«Կենսաթոշակային համակարգը հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին երաշխավորել ֆինանսապես ապահով ծերություն»,- ասաց նախարարը:

Ա.Ասատրյանը հայտնեց, որ կենսաթոշակային նոր համակարգի ներդրման համար անհրաժեշտ են այնպիսի մասնագետներ, ովքեր ունեն լավ գիտելիքներ, որոնք կներդնեն աշխատուշուկայում ձևավորվող նոր համակարգում: Նա նշեց, որ պետական կառավարման համակարգում արդեն իսկ ներգրավվում են երիտասարդ կադրերի, որպեսզի կարողանան իրենց ներդրումն ունենան նոր ձևավորվող կենսաթոշակային համակարգում:

Աղբյուր` Panorama.am