Pages

Աշխատաշուկայում պահանջված մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունը բարձր է. ՀՊՏՀ ռեկտոր

19 Jul 2012

Այս տարի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) ընդունելության մրցույթը բարձր էր, ինչի պատճառը ոչ միայն բուհի հեղինակությունն է, այլև շուկայում առկա պահանջարկը, որից էլ գալիս է որոշակի մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց 
ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը։


Ռեկտորը նաև նշեց, որ այս տարի բուհի այն մասնագիտությունները, որոնք աշխատանքի շուկայում մեծ պահանջարկ ունեն, մեծ հետաքրքրություն են առաջացրել դիմորդների շրջանում: 


Մասնավորապես, ըստ ռեկտորի, այս տարի ևս հետաքրքրությունը մեծ է եղել ֆինանսներ և վարկ, կառավարում, հաշվապահական հաշվառում մասնագիտությունների նկատմամբ: 


Դիմորդների հետաքրքրությունը նվազ է եղել մաթեմատիկական մեթոդները և մոդելները տնտեսության մեջ, վիճակագրություն, կոմերցիա, ապրանքագիտություն մասնագիտությունների նկատմամբ:


ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի ներկայացմամբ՝ 2012-2013 թթ ուսումնական տարվա համար ՀՊՏՀ ընդունվելու համար դիմել է 2477 դիմորդ, որից բուհ է ընդունվել 1263 դիմորդ: Նրանցից անվճար է ընդունվել 97-ը, վճարովի՝ 1166-ը, որոնց թվում 300-ը` ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից տրամադրված լրացուցիչ տեղերն են: 


Անվճար ընդունվածներից 78-ը բուհին հատկացված անվճարի տեղերն են, 10-ը արտոնություններով ընդունված անվճարներն են (զոհված ազատամարտիկների երեխաներ, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամներ, մանկուց հաշմանդամներ, երկկողմանի ծնողազուրկ երեխաներ), իսկ 9-ը անվճարները ՀՀ Պաշտպանության նախարարության համար պատրաստվող նպատակային կադրերի տեղերն են: 


Տնտեսագիտական համալսարան ընդունվելու համար դիմած դիմորդների թվում են եղել 8 մեդալակիրներ, հանրապետական օլիմպիադայի առաջին կարգի 3 դիպլոմավորներ:


Նախորդ տարիների համեմատ՝ այս տարի ՀՊՏՀ ընդունվելու համար բավական բարձր մրցույթ է եղել. հատկապես մրցույթը բարձր է եղել բուհի՝ ավանդաբար ամենապահանջված մասնագիտությունների ուղղությամբ. ֆինանսներ և վարկ մասնագիտության համար այս տարի անվճարի վերին շեմը 59,5 միավորն է եղել: 


Բուհի մյուս պահանջված՝ կառավարում, հաշվապահական հաշվառում, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում, միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտությունների նկատմամբ ևս այս տարի մեծ հետաքրքրություն է եղել և այս տարի թվարկված մասնագիտությունների գծով անվճարի վերին շեմը եղել է 59 միավորը:


Հարցին, թե ինչպիսի գիտելիքներով դիմորդներ են ընդունվել այս տարի, Կորյուն Աթոյանը պատասխանեց, որ կարող է արձանագրել, որ այս տարի ընդունելության քննություններն անցել են արդար, օբյեկտիվ և թափանցիկ, սակայն դիմորդների գիտելիքների որակը ավելի հստակ կերևա հունվարին, երբ նրանք կհանձնեն առաջին կիսամյակային քննությունները:

tert.am