Pages

 Անհրաժեշտ է ստեղծել հետազոտական կենտրոն

18 Jan 2013
Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ ՀՊՏՀ խորհրդի նիստում ի մի բերվեց 2012—ը


Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում երեկ տեղի ունեցավ բուհի խորհրդի նիստը։ Այն նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Նիստին ներկա էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
Հովիկ Աբրահամյանը ողջունեց նիստի մասնակիցներին եւ քանի որ սա 2013—ի առաջին հանդիպումն էր, շնորհավորեց Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ համոզմունք հայտնելով, որ 2013 թվականը կլինի նորանոր ձեռքբերումների տարի։
2012թ. ամփոփող զեկույցին ծանոթանալուց հետո նկատեց, որ կրթության որակի բարելավմանն ու ընդհանրապես բարեփոխումներին ուղղված մեծ աշխատանք ու ծրագրեր են իրականացվել, որոնք հանգամանալից արտացոլված են կազմված հաշվետվության մեջ։ Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ՝ առաջին անգամ է, որ հաշվետվության մեջ այս թափանցիկությամբ մատնանշվել են նաեւ թերությունները։ Սա ողջունելի մոտեցում համարելով՝ խորհրդարանի ու բուհի խորհրդի նախագահն ասաց, որ պետք է ամեն ինչ անել դրանք շտկելու համար։
ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանն էլ հաշվետվության ներկայացման ժամանակ նշեց, որ առկա հիմնախնդիրները պետք է դիտարկել որպես ազդակներ եվրոպական բարձրագույն կրթական տարածությունում համալսարանի ինտեգրման գործընթացի արդյունավետության ապահովման համար։ Իսկ այդ ճանապարհին անհրաժեշտ է իրականացնել համալսարանի հավատարմագրման եւ նրա կերպարի ամրապնդման հետ կապված միջոցառումներ։ Առանձնացված խնդիրների շարքում նա մատնանշեց, որ մի շարք մասնագիտությունների գծով պատրաստում են աշխատաշուկայում պահանջարկ չունեցող կադրեր. «Այժմ պարտավոր ենք շատ սեղմ ժամկետներում հստակեցնել եւ խոշորացնել բակալավրական մասնագիտությունները։ Նաեւ թե բակալավրիատի, թե մագիստրատուրայի ուսումնական պլաններում առկա են միմյանց կրկնող կամ ժամանակի պահանջներին չհամապատասխանող դասընթացներ։ Որոշ ամբիոններ եւ դասախոսներ թերանում են իրենց աշխատանքային պարտականությունների կատարման գործում, ժամանակին չեն նորացնում առարկայական ծրագրերը»։
Այդուհանդերձ, հաշվետու տարում բուհը շարունակել է մնալ դիմորդների ուշադրության կենտրոնում։ 2012 թվականին ուսուցման բոլոր ձեւերում ընդունվել է 2687 ուսանող։ Իսկ ուսման անբավարար առաջադիմության, զինվորական ծառայության մեկնելու եւ այլ պատճառներով համալսարանից 2011—2012 ուսումնական տարում ազատվել են առկա ուսուցման բակալավրիատից՝ 275, հեռակա ուսուցման բակալավրիատից՝ 142, առկա ուսուցման մագիստրատուրայից՝ 26 եւ հեռակա ուսուցման մագիստրատուրայից՝ 24 ուսանողներ։
Կրթությունը շարունակողների համար բարձրորակ կրթություն ապահովելու նպատակով էլ ուսումնամեթոդական բարեփոխումները շարունակվել են։ Ռեկտորի խոսքերով՝ բարեփոխումները կկրեն ձեւական բնույթ, եթե համալսարանը չիրականացնի ինքնավերլուծություն եւ չնախանշի ապագային միտված ռազմավարություն։ «Դրա համար էլ 2013 թ. հետազոտական աշխատանքների արդյունավետության բարձրացման եւ համալսարանի գիտական ներուժի լիարժեք օգտագործման նպատակով խնդրում եմ Ձեր համաձայնությունը բուհում հետազոտական կենտրոն ստեղծել եւ նրա գործունեության ապահովման նպատակով համալսարանի բյուջեում նախատեսել 100 մլն դրամի ներդրում»,–ասաց ռեկտորը՝ վստահեցնելով, որ այդ կենտրոնը կնպաստի կրթության որակի եւ մրցունակության բարձրացմանը։ Հետազոտական կենտրոնի նպատակն է լինելու խրախուսել եւ աջակցել երկրի տնտեսական քաղաքականության այնպիսի բնագավառներում հիմնախնդիրների ուսումնասիրությունը, ինչպիսիք են տնտեսական աճը, տեխնոլոգիական քաղաքականությունը եւ այլն։
Լսելով եւ քննարկելով վերոնշյալ հարցերը՝ ՀՊՏՀ խորհուրդը՝ ՀՊՏՀ խորհրդի նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, բաց քվեարկությամբ, միաձայն որոշեց հավանություն տալ ՀՊՏՀ 2012 թվականի ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու ֆինանսատնտեսական գործունեությանը, 2012 թ. բյուջեի կատարման արդյունքները գնահատել բավարար եւ հաստատել ՀՊՏՀ 2013 թ. բյուջեն։ 2013թ. բյուջեի եկամուտները նախատեսված են 3.944,3 մլն դրամ։ Իսկ հաշվետու տարում համալսարանի փաստացի եկամուտները կազմել են 3.589,6 մլն դրամ՝ նախահաշվարկային 3446,8 մլն. դրամի դիմաց։