Նորություններ

Բաժիններ

 

«1-ին ուսանողական ալիքի» 3-ամյակը՝ հանդիսավոր միջոցառմամբ

11 Դեկտեմբեր 2017

3 տարի առաջ ՀՊՏՀ ուսանողական խորհրդի ջանքերով ստեղծվեց Հայաստանում 1-ին ուսանողական ալիքը, որի գործունեության մեկնարկն ազդարարվեց հանդիսավորությամբ: Այսօր արդեն համալսարանի հանդիսասրահում ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանին, համալսարանի պրոռեկտորներին, դեկաններին, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, ուսխորհրդականներին և ուսանողներին մեկտեղել էր «1-ին ուսանողական ալիքի» 3-րդ տարեդարձին նվիրված միջոցառումը:

Համալսարանական կյանքի նորություններից մինչև հետաքրքրաշարժ հաղորդաշարերի հրապարակում.ցուցադրվեց ուսանողական ալիքի այս տարիների աշխատանքն ամփոփող տեսաֆիլմ` ընդգծելով, որ կարճ ժամանակահատվածում ալիքը դարձավ համալսարանականների տեղեկատվական ընկերը և «Ընթերցասեր», «Անվանականչ», «Բաց երկխոսություն», «Economix» և այլ հաղորդումների հեռարձակմամբ ապահովեց իր լսարանը: Ուշագրավ է, որ ալիքի աշխատակիցները ուսանողներ են, որոնք դարձել են նաև մի շարք ֆիլմերի հեղինակներ:

ՈւԽ լրատվության և հասարակայնության հետ կապերի հանձնաժողովի նախագահ Հայկ Գրիգորյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց 2 նորույթ՝ ուսանողական 1-ին լրատվական հավելվածը, որը հնարավորություն է ընձեռում հեռախոսի միջոցով հետևել ՈւԽ գործունեությունը լուսաբանող նորություններին և «Մենթոր» մոտիվացնող հաղորդաշարը, որի շնորհանդեսը կայացավ այսօր: Անդրանիկ հաղորդման հյուրը սիրված երաժիշտ-կատարող Արամ MP 3-ն էր, ով ներկայացնում էր իր հաջողության բանաձևը:

Հաջորդիվ շնորհավորական ուղերձ հղեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ շնորհավորելով ուսանողներին: « 1-ին ուսանողական ալիքը դարձել է մեր համալսարանի ուսանողական կյանքի և առօրյայի անբաժանելի մասնիկը: Այն ներկայացնում է բուհական ուսանողական միջոցառումները, իրադարձությունները, անդրադառնում մեր ուսանողների հաջողություններին, հանդես գալիս նորանոր նախաձեռնություններով: 1-ին ուսանողական ալիքն անդրադառնում է ոչ միան մեր բուհի ուսանողական կյանքին, այլ հանրապետական ուսանողական կարևոր իրադարձություններին և հաջողություններին՝ լինելով այս ձևաչափով առաջին ուսանողական ալիքը, ինչը ուրախալի իրողություն է»,- ասաց ռեկտորը և ուսանողական ալիքի տարեդարձի առիթով համալսարանի կողմից նոր տեխնիկա նվիրելու խոստում տվեց:

Կարեն Ավագյանն իր ելույթում դրվատանքի խոսք ասաց ՀՊՏՀ ականներին՝ նախաձեռնողականության, ստեղծարարության ու աշխատասիրության համար և ալիքի աշխատանքային թիմին տեխնիկական համալրումներ խոստացավ:

Շնորհավորանք հղեց Բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ Ալեքս Հովհաննիսյանը:

Միջոցառման ավարտին ՈւԽ նախագահ Հովհաննես Հարությունյանը շնորհակալագրեր հանձնեց 1-ին ուսանողական ալիքի կայացման գործում մեծ ավանդ ներդրած ուսանողներին, ապա հատուկ մրցանակներով՝ ՈւԽ ոսկե հուշամեդալներով պարգևատրեց ՈւԽ նախկին նախագահ, այժմ՝ ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրեն Սերգեյ Խառատյանին և ՈւԽ լրատվության և հասարակայնության հետ կապերի հանձնաժողովի նախկին նախագահ Հայկ Բեջանյանին՝ ալիքի ստեղծման գործում մեծ աջակցության համար:

  

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 736 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք