Նորություններ

Բաժիններ

 

Օգտակար ռեսուրս՝ ուսանողների համար. Հայաստանի բանկերի միությունը մեր բուհում ներկայացրեց UBAnk էլեկտրոնային գրադարանը

16 Ապրիլ 2012

Այսօր ՀՊՏՀ նիստերի սրահում Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը և հետազոտությունների ու նախագծերի բաժնի մասնագետ, վերլուծաբան Անի Փալազյանը ներկայացրեցին ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսական Կայունության Գործընկերներ» ծրագրի հետ համագործակցության շրջանակներում համատեղ ֆինանսավորման շնորհիվ ստեղծված UBAnk էլեկտրոնային գրադարանը:
«Ֆինանսական ոլորտին առնչվող մասնագիտական գրականությամբ հարուստ այս գրադարանի ստեղծումը առաջընթաց քայլ է բարձրորակ մասնագետներ պատրաստելու ճանապարհին: Սա այն խողովակն է, որից «հոսող» գիտելիքներից կարող են օգտվել ֆինանսական և բանկային ոլորտն ուսումնասիրող մեր ուսանողները, ինչպես նաև մասնագետները»,-կարևորելով UBAnk էլեկտրոնային գրադարանի ստեղծումը` ասաց ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը՝ նշելով, որ այն հրատապ է հատկապես այսօր, երբ ՀՊՏՀ -ն Հայաստանի բանկերի միության հետ համատեղ պետք է իրականացնի մագիստրոսական ծրագիր` թողարկելով ոլորտի բարձրակարգ մասնագետներ:

«Բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման ճանապարհին մեր միությունը հասկացավ, որ մասնագիտական գրականության պակաս կա: Այն լրացնելու համար աշխարհի ճանաչված հրատարակչություններից ձեռք ենք բերել մոտ 70 գրքի հեղինակային իրավունքները և նախաձեռնել կայքի ստեղծման գործը»,-անդրադառնալով գրադարանի ստեղծման պատմությանը` ասաց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը: Վերջինիս ներկայացմամբ` UBAnk գրադարանում ներառվել է բանկային գործի, միջազգային ֆինանսների,ներդրումների ու արժեթղթերի շուկայի, ֆինանսական կառավարման ոլորտի մասնագիտական բացառիկ և ժամանակակից գրականություն: Ընդգրկված գրքերից երկուսը թարգմանվել են նաև հայերեն: Բանախոսի խոսքով` տարեցտարի գրադարանը համալրվելու է նոր հեղինակավոր գրքերով, ֆինանսական և բանկային համակարգին առնչվող վերլուծական նյութերով, ամսագրերով, պարբերականներով, թերթերով: Անդրադառնալով գրադարանի տեխնիկական լուծումներին՝ Սեյրան Սարգսյանը նշեց, որ գրադարանում տեղ գտած գրքերի հեղինակային իրավունքների պաշտպանվածությունը լիովին ապահովված է;

UBAnk էլեկտրոնային գրադարանի կայքի կառուցվածքը հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի բանկերի միության հետազոտությունների և նախագծերի բաժնի մասնագետ Անի Փալազյանը: Նրա տեղեկացմամբ` էլեկտորոնային գրադրանի կայք կարող են մուտք գործել բոլոր ցանկացողները` այցելելով www.e-Library.uba.am հասցեով: Գործող որոնման համակարգը թույլ է տալիս նյութը հեշտությամբ որոնել, գտնել և ընթերցել: 
Վերջում ներկաները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նորությունը դիտվել է 316 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք