Նորություններ

Բաժիններ

 

ՓՄՁ ոլորտին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները՝ քննարկման առանցքում

29 Նոյեմբեր 2017

«Փոքր և միջին ձեռնարկատիրություն: Գործունեություն: Աջակցություն». այս խորագիրն էր կրում ՀՊՏՀ 27-րդ գիտաժողովի 3-րդ կլոր սեղանը, որտեղ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրությունների ոլորտի վերաբերյալ համապարփակ հետազոտություն ներկայացրեց «Ֆինանսական ներգրավվածություն» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տ.գ.դ., դոցենտ Սերգեյ Սուքիասյանը: Ներկա էին ՀՊՏՀ պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրության գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, գիտաուսումնական լաբորատորիաների ղեկավարները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ասպիրանտներ, մագիստրանտներ:

Հատուկ հրավերով կլոր սեղանին մասնակցում էին ՀՀ ԿԲ սպառողների շահերի պաշտպանության ֆինանսական կրթման կենտրոնի ֆինանսական կրթման մասնագետ Աննա Սադոյանը և ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության ֆինանսական կայունության մշտադիտարկման բաժնի պետ Կարինե Համբարյանը, ով նաև վերոնշյալ լաբորատորիայի փորձագետ է:

Բացման խոսքում Գագիկ Վարդանյանը, ՀՊՏՀ գիտական մտքի համախմբման, ներուժի բացահայտման տեսանկյունից կարևորեց գիտաժողովը, դրա շրջանակում անցկացվող կլոր սեղանները, ապա նշեց, որ մասնագիտական քննարկումների արդյունքում ակնկալվում է բյուրեղացնել մեր տնտեսության զարգացմանն ուղղված առաջարկություններ:

Պրոռեկտորն ուրախությամբ արձանագրեց, որ ՀՊՏՀ-ում ուժեղացվել է հետազոտական բաղադրիչը, և բուհը թևակոխել է գիտական նոր շրջափուլ:

Սերգեյ Սուքիասյանը զեկուցման մեջ վերլուծեց մեր երկրում ՓՄՁ-ների գործունեության առանձնահատկությունները, պաշտոնական վիճակագրություն ներկայացրեց ԱՁ-ների և ՍՊԸ-ների գրանցումների և լուծարումների վերաբերյալ: Բանախոսը մանրամասն պարզաբանեց ՓՄՁ-ներին տրամադրվող պետական աջակցության ուղղությունները, այս համատեքստում քննարկեց «Պետական աջակցության մասին» ՀՀ օրենքը, ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գործունեությունը, «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ դերը:

ՓՄՁ սուբյեկտները դիտարկվեցին նաև որպես ակտիվ հարկ վճարողներ: Սերգեյ Սուքիասյանը զեկուցումն ամփոփեց ՓՄՁ-ներին լրացուցիչ աջակցություն տրամադրելու առաջարկություններով, որոնք հիմնականում վերաբերում էին սուբյեկտների ֆինանսական գրագիտության աստիճանի բարձրացման հնարավոր ուղիներին:

Ներկայացված հարցերի շուրջ դիտարկումներով հանդես եկան ՀՊՏՀ գիտնականները:

Միքայել Մելքումյանը կանգ առավ ՓՄՁ զարգացման հիմնախնդիրների վրա:

Նշենք, որ վաղը տեղի կունենան 2 կլոր սեղաններ, որով և գիտաժողովը կամփոփվի: Կայանալիք միջոցառումների հայտարարությանը ծանոթացեք այս հղումով՝ http://www.asue.am/am/էջեր-220//երկու-կլոր-սեղան-մեկ-օրում-3515:

  

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 590 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք