Նորություններ

Բաժիններ

 

«Տնտեսագետը» ամանորյա տրամադրությամբ է համակում բոլորին

26 Դեկտեմբեր 2017

Տոնական «Տնտեսագետը» ամանորյա շնչով է տոգորված սկզբից ևեթ. շապիկից սկսած՝ տոնի զգացողություն է փոխանցվում, այնուհետև համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին է շնորհավորում ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը: Գալիք տարում մեզ բոլորիս համալսարանի ղեկավարը մաղթում է լավատեսություն, երջանկություն, միասնական ու միահամուռ արդյունավետ աշխատանք: «Մեր մանկության Ամանորը» վերտառությամբ ներկայացված են մեր երիտասարդ գործընկերների վերհուշի պատմությունները՝ թե ինչպես են նշել Նոր տարին, ինչ հույզեր ու անմոռանալի դրվագներ են պահպանել անցյալից: «Համաշխարհային բրենդ» խորագրում GOODWILL M&G բելգիական բրենդի ստեղծման պատմությունն է և անցած 30-ամյա ճանապարհը, որի շնորհիվ մեր ամանորները դառնում են գունեղ, հեքիաթային ու կախարդական:  «Վերծանելով արվեստի գաղտնագրերը» խորագրի ներքո դոցենտ Սոֆյա Օհանյանը ներկայացնում է Քրիստոսի Ծնունդի թեման հայ և համաշխարհային կերպարվեստում՝ սրբապատկերագրություն, գեղանկարչություն: «Ամենակարևորի մասին» խորագրում դոցենտ Սիրանուշ Հարությունյանը խորհուրդ է տալիս ամանորյա առատ սեղանների մոտ գիտակցված զսպություն ցուցաբերել՝ կարևորելով առողջությունն ու գեղեցիկ կազմվածքը:

Տարվա եզրագծին մեր համալսարանը հանրագումարի էր բերում տարեկան գիտական ձեռքբերումները: «Տնտեսության և հասարակության զարգացման հիմնախնդիրները՝ ամենամյա գիտաժողովի առանցքում» հոդվածն անդրադառնում է ՀՊՏՀ 27-րդ գիտաժողովին, իսկ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը վերլուծում է համալսարանի գիտական գործունեությունը: Նույն համատեքստում ընդարձակ ներկայացվում են նորաբաց գիտաուսումնական լաբորատորիաները:

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ընձեռվող հնարավորություններն ու հավանական հեռանկարներն են ներկայացնում ՀՊՏՀ գիտնականները:

Ընդարձակ անդրադարձ կա Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերին, որոնց շրջանակներում ՀՊՏՀ ղեկավարությունը, ուսանողական խորհուրդը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը համատեղ կազմակերպել էին բազմապիսի միջոցառումներ՝ այդ թվում «Ուսանողական աշուն–2017» մարզամշակութային փառատոնը: Այս տոների շրջանակում հայտնի դարձավ մեր համալսարանի՝ ուսման առաջադիմությամբ, հասարակական ակտիվությամբ, գիտական գործունեությամբ, մարզական հաջողություններով աչքի ընկած ուսանողների լավագույն հնգյակը, որոնց ամսագիրն անդրադառնում է առանձին դիմանկարներով՝ «Մեր շնորհալիները» խորագրի ներքո:

 Դոցենտ Սամվել Գրիգորյանի «Տնտեսական խճանկար»-ում հայաստանյան տնտեսական կյանքի հրատապ ու կարևոր նորություններն են:

«Լրահոս»-ը, ինչպես միշտ, խտացված ամփոփում է համալսարանի կարևոր իրադարձությունները:

Ամսագիրն ավարտվում է 2017 թվականի ՀՊՏՀ լավագույն մարզիկների տասնյակով:

«Տնտեսագետի» նոր համարի մասին՝ համառոտ այսքանը: Ամբողջական բովանդակությանը կարող եք ծանոթանալ այսօրվանից. ուսանողները՝ դիմելով դեկանատներ, դասախոսները` ամբիոններ: Այս պահին արդեն ամսագիրը տարածվել է ֆակուլտետներով, ամբիոններով, վարչական ստորաբաժանումներով։ Կարող եք օգտվել նաև ընթերցասրահների օրինակներից:

Էլեկտրոնային տարբերակին ծանոթացեք ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am)՝  հետևյալ հղումով՝   http://media.asue.am/upload/tntesaget/2017/TERT_2017.5_compressed.pdf:

Մաղթում ենք հաճելի ընթերցում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 282 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք