Նորություններ

Բաժիններ

 

Վիճակագրության ամբիոնի աշխատակիցները շնորհավորում են իրենց գործընկերոջ 80-ամյակը

05 Փետրվար 2018

Փետրվարի 5-ին լրանում է ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի դոցենտ, վաստակաշատ գիտնական-մանկավարժ՝ Վալերի Ռուբենի Ալեքսանյանի  ծննդյան 80-ամյակը, ինչի առթիվ ամբիոնի աշխատակիցները՝ վարիչ, տ.գ.թ., դոցենտ Արմեն Քթոյանի գլխավորությամբ, իրենց շնորհավորանքն են հղում հոբելյարին:

Վալերի Ռուբենի Ալեքսանյանը ծնվել է 1938թ. փետրվարի 5-ին Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղում, ծառայողի ընտանիքում: 1955թ. գերազանցությամբ ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, նույն տարում ընդունվել և 1960-ին ավարտել է  Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի հաշվապահական հաշվառման բաժինը:

Վ.Ալեքսանյանի դասախոսական գործունեության սկիզբը դրվել է դեռևս 1965թ., երբ նա աշխատանքի է անցել ԵՊՀ վիճակագրության ամբիոնում: Այստեղ ավելի քան մեկ տասնամյակ տևած արգասաբեր և յուրաքանչյուր գիտնական-դասախոսի համար պատվաբեր իրադարձություններով լեցուն աշխատանքային գործունեությունից հետո, Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի հիմնադրման առաջին իսկ օրվանից սկսվում է Վալերի Ալեքսանյանի աշխատանքային կենսագրության նոր, էլ ավելի հարուստ, ուշագրավ և բեղուն շրջանը: Վալերի Ալեքսանյանը կանգնած է մեր համալսարանում վիճակագրության ամբիոնի ստեղծման ակունքներում, որտեղ մեծագույն նվիրումով, իրեն բնորոշ եռանդով, սիրով և պատասխանատվությամբ աշխատում է 1975թ-ից ի վեր: Երկար տարիներ եղել է ԽՍՀՄ բարձրագույն կրթության նախարարության վիճակագրության գիտամեթոդական խորհրդի անդամ, մեր համալսարանում պաշտոնավարել է որպես վիճակագրության և ինֆորմատիկայի մշակման ֆակուլտետի փոխդեկան, եղել է ֆակուլտետի արհբյուրոյի նախագահ և գիտխորհրդի անդամ: Այս ընթացքում Վալերի Ալեքսանյանի գործունեությունն ու համալսարանի կայացման գործում, ինչպես նաև հանրապետության վիճակագրության բնագավառում անուրանալի ավանդը բազմից արժևորվել և ըստ արժանվույն գնահատվել են բուհի, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից, իսկ 2013թ. Վալերի Ալեքսանյանը, տնտեսագիտության զարգացման և տնտեսագետ կադրերի պատրաստման գործում ունեցած նշանակալի ներդրման համար ՀՊՏՀ կողմից պարգևատրվել է համալսարանի ոսկե հուշամեդալով:

Իր պրպտուն, աշխատասեր խառնվածքով, նա խորամուխ է եղել գիտական հետազոտության բնագավառում, դասախոսամանկավարժական գործունեության մեջ և իրավամբ դասվում է մեր բուհի այն դասախոսների շարքին, ովքեր իրենց գործն անում են արժանապատվության, մտքի ու սրտի թելադրանքով, զարմացնող համեստությամբ ու կարծես աննկատ, սակայն՝ անսահման սիրով ու նվիրումով:

Մինչ օրս Վալերի Ալեքսանյանը շարունակում է պատվով, իրեն բնորոշ զսպվածությամբ, եռանդով և պատասխանատվությամբ կատարել իր առաքելությունը՝ որպես գիտնական, դասախոս,  ուսուցիչ և մանկավարժ՝ իր փորձն ու իմաստությունը փոխանցելով մեր համալսարանի իր ուսանողներին, ամբիոնի իր աշակերտ-գործընկերներին, նաև՝ կատարելով Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության գիտամեթոդական խորհրդի և մրցութային ատեստացիոն հանձնաժողովի անդամի պարտականությունները: Իր հարուստ կենսափորձով և աշխատանքային գործունեությամբ Վալերի Ալեքսանյանը հաստատում է դասախոսի և բարձրակարգ վիճակագիր մասնագետի իրական կոչումը:

Սրտանց շնորհավորում ենք մեր սիրելի գործընկերոջը ծննդյան 80-ամյա և գիտամանկավարժական գործունեության կեսդարյա հոբելյանի առթիվ, ցանկանում ենք առողջություն, տոկունություն և անսահման եռանդ, ստեղծագործական կյանքի երկար արգասաբեր տարիներ և նորանոր նվաճումներ՝ իր պատվաբեր առաքելության իրագործման ճանապարհին:

Մենք ևս միանում ենք ամբիոնի գործընկերներին և հոբելյարին մաղթում ենք առողջություն և հաջողություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ  

Նորությունը դիտվել է 1331 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք