Նորություններ

Բաժիններ

 

Վիճակագրական խնդիրների շուրջ գիտական սեմինար՝ մասնագիտական ամբիոնում

27 Հոկտեմբեր 2017

Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ վիճակագրության ամբիոնի սեմինարը, որի ընթացքում ներկայացվեցին «ՀՀ տնտեսական զարգացման և բնակչության աղքատության գնահատման վիճակագրական հիմնախնդիրները» ամբիոնային գիտահետազոտական թեմայի շրջանակներում ստացված որոշ արդյունքներ: Սեմինարին մասնակցում էին ամբիոնի վարիչի պաշտոնատար, դոցենտ Արմեն Քթոյանը, գիտաուսումնական լաբորատորիաների ղեկավարներ, ամբիոնի ներկայացուցիչներ, համալսարանի աշխատակիցներ, ուսանողներ:

Ներկաներին ողջունեց Արմեն Քթոյանը, ով իր բացման խոսքում ներկայացրեց գիտահետազոտական թեմայի շրջանակներում կատարված ու դեռ արվելիք աշխատանքները, խոսեց սեմինարի համար զեկույցների ընտրության տրամաբանության և մոտեցումների մասին:

Վիճակագրության ամբիոնի ասիստենտ Անուշ Շիրինյանի զեկուցումը նվիրված էր բազմաչափ վիճակագրական վերլուծության մեթոդներով ՀՀ տարածքային զարգացման անհամաչափության գնահատմանը: Բանախոսը անդրադարձավ կլաստերային և գործոնային վերլուծության մեթոդներով ՀՀ տարածքային տնտեսությունների զարգացման մակարդակների ընդհանրական գնահատմանը, դրա արդյունքների հիման վրա ՀՀ մարզերի խմբավորմանը, նաև՝ ներկայացրեց ՀՀ տարածքային զարգացման անհամաչափությունը պայմանավորող առանցքային գործոնների վերլուծության արդյունքները:

Վիճակագրության ամբիոնի ասիստենտ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող Անի Խաչատրյանի զեկուցման առանցքում վերափոխումների՝ որպես սոցիալ-տնտեսական զարգացման նախադրյալի դիտարկումն ու դրանց հիմնական արդյունքների գնահատումն էր: Ի մասնավորի, հեղինակը ներկայացրեց զարգացող տնտեսությունների սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական մեծ թվով բնութագրիչների ընդհանրացմամբ, վիճակագրական վերլուծության մեթոդների կիրառմամբ ստացված վերափոխումների ռազմավարությունների տարբեր մոդելներ, դրանց հիմնական բնութագրիչները, առավելություններն ու թերությունները, խոսեց արդյունավետ վերափոխումներ իրականացրած երկրների խմբում հայտնվելու համար անհրաժեշտ նախապայմանների մասին:

Զեկուցումներն ուղեկցվեցին ներկաների հետաքրքրական և խորքային հարցադրումներով, որոնց շուրջ ծավալվեց ուշագրավ մասնագիտական քննարկում: Ի ամփոփումն, Արմեն Քթոյանի կողմից նշվեցին ամբիոնի գիտահետազոտական գործունեության հիմնական ուղղությունները, ներկայացվեցին առաջիկա նմանօրինակ սեմինարի շրջանակներում քննարկվելիք խնդիրները: Դրանք հիմնականում վերաբերում են վիճակագրական վերլուծության արդի մեթոդների գործադրմամբ սոցիալ-տնտեսական կոնկրետ հիմնահարցերի լուծմանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 1271 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք