Նորություններ

Բաժիններ

 

Ռումինացի դոցենտ Անժելա Ալբուն ՀՊՏՀ-ում հանդես եկավ դասախոսությամբ

01 Դեկտեմբեր 2015

Մեր համալսարանի բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտության ուսանողների համար այսօր «Էկո-ինովացիա. նոր բիզնեսի հեռանկար» խորագրով  դասախոսությամբ հանդես եկավ ՀՊՏՀ Erasmus+ ծրագրի գործընկեր Ռումինիայի “Stefan cel Mare” University of Suceava համալսարանի դոցենտ Անժելա Ալբուն:

Հանդիպմանը ներկա էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը, բնօգտագործման տնտեսագիտություն ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Գևորգյանը,  նշված ամբիոնի դասախոսներ, արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը: 

Անժելա Ալբուն, ողջունելով ներկաներին, նշեց, որ ուրախ է մեր համալսարանում գտնվելու համար, ապա համառոտ ներկայացրեց իրենց համալսարանի ֆակուլտետները, կրթական ծրագրերը, և սկսեց դասախոսությունը:

Պարզաբանելով, թե ինչ է ինովացիան, ռումինացի դոցենտը նշեց, որ համոզված է՝ եթե ուսանողներին հղի այս հարցը, շատերը կպատասխանեն, որ ինովացիան  նոր գաղափար է, որը կյանքի է կոչվել: Անժելա Ալբուն կանգ առավ բիզնես ոլորտում ինովացիաների ազդեցության վրա՝ նշելով, որ դրանք արդյունավետ զարգացում ապահովող հիմնական գործոններից են:

Ժամանակակից պայմաններում գլոբալ հիմնախնդիրները առաջ են բերում խոչընդոտներ, որոնց լուծման համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ: Այս համատեքստում բանախոսը մասնավորապես նշեց, որ եթե բնական ռեսուրսների օգտագործումը մարդու կողմից չարաշահվի և արվի ոչ խելամտորեն, ապա հաջորդ սերունդներին ժառանգելու գրեթե ոչինչ չի մնա, բացի հիմնախնդիրներից: Ուստի, այստեղ օգնության է գալիս էկո-ինովացիան, որն այլընտրանքային եղանակ է:

 Ներկայացվեց էկո-ինովացիաների ներդրման և կիրառման  միջազգային  փորձը: Բանախոսը հատուկ անդրադարձ կատարեց  էկո-ինովացիաների ոլորտում լավագույն օրինակներին, նշեց դրանց ընձեռած հնարավորություններն ու առավելությունները:

Բիզնես ոլորտում էկո-նորարարությունը դիտարկվեց ոչ միայն օգտակար, այլև շահավետ:

Դասախոսության ավարտին Անժելա Ալբուն պատասխանեց ներկաների հարցերին: Հարցադրումներով հանդես եկան թե' ուսանողները, թե' դասախոսները: Պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը հետաքրքրվեց, թե ինչ միջազգային ծրագրեր կան, որոնք աջակցում են փոքր և թույլ զարգացած երկրներին էկո-ինովացիաներ ներդնելու համար: 

Ուսանողներից մեկին հետաքրքրեց, օրինակ, թե ինչ էկո-ինովացիա է ներդրված ռումինական  այն համալսարանում, որը ներկայացնում էր բանախոսը:

 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


Նախորդ  նորություններն` այստեղ 

Նորությունը դիտվել է 386 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք