Նորություններ

Բաժիններ

 

Ուսանողների հետ երկխոսությունը իմ գործունեության առանձնահատկություններից է. ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը հանդիպեց առաջին կուրսեցիների հետ (լուսանկարներ)

11 Հոկտեմբեր 2016

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը իր պաշտոնավարման առաջին շրջանում  հիմք է դրել ուսանողների՝ մասնավորապես առաջին կուրսեցիների հետ հանդիպումներ անցկացնելու գեղեցիկ ավանդույթի: Դրանք բաց, հաշվետվողական և ուսանողակենտրոն մոտեցումների վկայություն են ու շարունակում են լայն արձագանք գտնել:

Այսօր տեղի ունեցավ նախապես խոստացված հանդիպումը ՀՊՏՀ առաջին կուրսեցիների հետ: Համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը նախ շնորհավորեց ուսանողներին՝ ՀՊՏՀ ընդունվելու կապակցությամբ, ապա հանդես եկավ հակիրճ ելույթով՝ առաջին կուրսեցիներին ներկայացնելով բուհի ձեռքբերումները՝ գործունեության բոլոր ուղղություններով՝ գիտահետազոտական ուղղության զարգացում և այդ համատեքստում «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ստեղծում, կրթության որակի բարելավում, արտաքին կապերի ամրապնդում՝ միջազգային ծրագրերում ներգրավվելով,  տեխնիկական հագեցվածություն, կրթական միջավայրի արդիականացում, թվային և QR եզակի գրադարանի առկայություն, աշխույժ ուսանողական կյանք, համալսարանական հիշարժան առօրյա:

«Ուսանողական տարիները ձեր կյանքի ամենահիշարժան, միևնույն ժամանակ ամենավճռական  տարիներն են, երբ դուք հոգսերով և պարտավորություններով կաշկանդված չեք և պետք է ձեռք բերեք մասնագիտական գիտելիքներ, որոնք կհարթեն  ձեր կյանքի ճանապարհը: Ճիշտ օգտագործեք ձեզ տրված ժամանակը և փորձեք դառնալ մրցունակ մասնագետներ, ինչը շատ կարևոր է այսօրվա աշխատաշուկայում»,- առաջին կուրսեցիներին հորդորեց Կորյուն Աթոյանը: Անդրադառնալով կրթական գործընթացին՝ ռեկտորը շեշտեց՝ իր աշխատաոճը բաց է, պատրաստ է լսել ու քննարկել կրթական և ուսումնական գործընթացի բարելավմանն ուղղված բոլոր առաջարկները, ուսանողների նկատառումները՝ բոլոր հարցերի վերաբերյալ: «Ուսանողների հետ երկխոսությունը իմ գործունեության առանձնահատկություններից է»,- հայտարարեց համալսարանի ղեկավարը: Նա նաև հորդորեց ակտիվ համագործակցել ուսանողական խորհրդի հետ, նրանց ևս ներկայացնել առաջարկներ և մտահոգություններ:

Այնուհետև ուսանողները հնարավորություն ստացաննալ անձամբ ռեկտորին ներկայացնելու իրենց հուզող հարցերը, որոնք շատ բազմազան էին և վերաբերում էին տարբեր խնդիրների՝ միջանկյալ  և ամփոփիչ քննություններ, բացակայություններ, գնահատման համակարգ, բակալավրիատի մասնագիտություններից անցում մագիստրոսական մասնագիտացումների, ռոտացիայի կարգ, դիպլոմի ճանաչելիություն Եվրոպայում, օտար լեզվի դասավանդում և այլ:

Կրթական գործընթացին վերաբերող բազում հարցերին ի պատասխան Կորյուն Աթոյանը նախ ծանոթացրեց կարգերին, ապա շեշտադրեց. «Մենք անընդհատ վերանայում ենք քննական, ուսումնական գործընթացին վերաբերող կարգերը՝ ցանկանալով հասնել ամենաարդյունավետ և արդար համակարգերի ներդրմանը, բայց բացարձակ արդար և արդյունավետ մոտեցումներ չեն կարող լինել: Այս պատճառով է, որ ես կարևորում եմ ձեր առաջարկները, միայն անկեղծ փոխհամագործակցությամբ մենք կարող ենք հասնել մեր գլխավոր նպատակին՝ կրթության որակի բարելավմանը»:

Համալսարանում գործող կարգերի, միջազգային ծրագրերի, առհասարակ բուհի զարգացման ու ներկա ճանապարհի մասին պատշաճ տեղեկատվություն ստանալու համար ռեկտոր Կորյուն Աթոյանն առաջարկեց այցելել ՀՊՏՀ պաշտոնական կայք (asue.am): «Այն ամենը, ինչ ես հիմա ներկայացնում եմ և առհասարակ մեր բուհի զարգացումը, իրադարձությունները, անհրաժեշտ կարգերը և տեղեկատվությունը առկա է համալսարանի պաշտոնական կայքում, ուր այցելելով՝ դուք կստանաք ձեզ անհրաժեշտ ինֆորմացիան»,- նշեց ռեկտորը:

Հանդիպումն ուսանողներն ավարտեցին ծափահարություններով, իսկ ռեկտորը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար և ևս մեկ անգամ կոչ արեց ակտիվ համագործակցության:

  

 

  

 

  

 

  

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն` այստեղ

Նորությունը դիտվել է 1069 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք