Նորություններ

Բաժիններ

 

Շքեղ հանդիսությամբ և մրցանակաբաշխությամբ ամփոփվեց ԱՐՁԱԿ-2013 պատմվածքի մրցույթը (լուսանկարներ)

14 Մայիս 2013

«Թեև սիրում են կրկնել, որ բուհը մասնագիտական բարձրագույն կրթության օջախ է, այնուհանդերձ, հասարակության լիարժեք անդամը դառնալու համար անչափ կարևոր է շփումը գրականության, մշակույթի հետ: Հային աշխարհում ճանաչում են որպես դպրության, մշակույթի, կրթության ջահակիր, և մենք միշտ պիտի վառ պահենք այդ ջահը»,- այսօր ՀՊՏՀ մեծ դահլիճում կայացած ԱՐՁԱԿ-2013 պատմվածքի մրցույթի հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը: 

Ինչպես գիտեք, սիրելի ընթերցողներ, լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պրոֆեսոր Սիմոն Հակոբյանի հետ համատեղ ամիսներ առաջ նախաձեռնել էր պատմվածքի մրցույթ` ՀՊՏՀ ռեկտորի աջակցությամբ:
Ամիսների աշխատանքից հետո այսօր մրցույթն ամփոփվեց` հրաշալի տոն պարգևելով ստեղծագործ ՀՊՏՀ-ականներին: ՀՊՏՀ հանդիսությունների մեծ դահլիճում ՀՊՏՀ ռեկտոր, մրցույթի պատվավոր նախագահ Կորյուն Աթոյանի, պրոռեկտորների, գրականության և մշակույթի հանդեպ իրենց հոգում անսահման սեր կրող ՀՊՏՀ դասախոսների, ուսանողների և, իհարկե, մրցույթին մասնակցած պատմվածքների հեղինակների մասնակցությամբ իրկանություն դարձավ այդքան սպասված շքեղ հանդիսությունը: Հանդիսավոր մրցանակաբաշխությունը դարձավ մի յուրօրինակ գովք ու փառաբանում գրին ու գրականությանը, գրասերներին ու գրչի մարդկանց: Հանդիսությունն սկսվեց Պարույր Սևակի «Ի՞նչը, ինչպե՞սը և որպե՞սը» հոդվածի ընթերց
ումով: 

«Մտավախություն կար, որ մեր նախաձեռնած մրցույթը կարող է ձախողվել, կլինի պասիվ մասնակցություն, թույլ գործեր կներկայացվեն»,-ասաց հանդիսավար, մրցատյանի նախագահ Սիմոն Հակոբյանը` նշելով, որ մրցատյանը մրցույթի ողջ ժամանակահատվածում պատմվածքների հերոսների հետ է եղել, նրանց հետ ժպտացել ու տխրել, ապրել նրանց կյանքով:

Բեմահարթակ հրավիրեց մրցատյանը` ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, «Տնտեսագետ» ամսագրի գլխավոր խմբագիր Գոհար Գևորգյանը, «Տնտեսագետ» ամսագրի խմբագիր Արմինե Վարդանյանը, «Բանբեր ՀՊՏՀ-ի» հանդեսի պատասխանատու քարտուղար Գոհար Հովհաննիսյանը, ֆինանսական հաշվառման ամբիոնի ասիստենտ Սուրեն Բաբաջանյանը, իսկ մրցատյանի նախագահ Սիմոն Հակոբյանն էլ բեմում էր և վարում էր միջոցառումը:

Նա նաև ամբողջ հանդիսության սցենարի հեղինակն է: Մրցատյանը եզրափակչի մասնակիցներին հանձնեց հավաստագրերն ու նվերները: Ահա նրանք` Սինթիա Բաղումյան («Կիսավերադարձ»), Նելլի Բալասանյան («Իմ չքնաղ ծաղիկ՚), Նազելի Ծառուկյան («Ռայլ դե Վիտո»), Մարի Խաչատրյան («Ճշմարտության լաբիրինթոս») Արուսյակ Քոչարյան («Մենության շունչ»), Արփինե Գալստյան («Հավատում եմ, քեզ խավար»), Աննա Օհանյան («Անհնարինը ոչինչ է») և Ջեմա Կարապետյան («Անշունչ հոգիներին թթվածին տվե’ք): 

«Ընթերցողի հեղինակ» անվանակարգում մրցանակի արժանացավ Նորայր Սարգսյանը («Կյանքը երկար ինքնասպանություն է»), «Ինքնատիպ գրելաոճ» մրցանակը շնորհվեց Նարինե Հարությունյանին («Բնակարանի անվճար ջեռուցում»), իսկ «Հայրենասիրական լավագույն ստեղծագործություն» ճանաչվեց Անի Խամոյանի «Հայերի գաղտնի զենքը»: 
Թեև նախապես հայտարարվել էր, որ մրցանակային երեք տեղ է լինելու` համապատասխան դրամական պարգևով, սակայն մրցատյանի որոշել էր հաղթանակի դափնին շնորհել չորս պատվածքների հեղինակներին` մրցանակային ֆոնդը բաշխելով նրանց մեջ: Այսպիսով` ԱՐՁԱԿ-2013 պատմվածքի մրցույթի հաղթողներ դարձան Երանուհի Մկոյանը («Թաթիկներից մինչև ձեռք»), Լիլիթ Դադայանը («Վարդն ի՞նչ արժե») Մկրտիչ Մուրադյանը («Հո դու բիձա չե՞ս») և Էլեն Ուլյանը («Ֆաներային արև»): Դրամական պարգևները` յուրաքանչյուրին 50-հազարական դրամ, հավաստագրերն ու «Տնտեսագետի» նոր համարները նրանց հանձնեց ռեկտոր Կորյուն Աթոյանը:

Ինչպես պատմվածքի մրցույթի կազմկոմիտեն նախապես խոստացել էր, մատուցվեցին բազմաթիվ անակնկալներ. ներկայացվեց «Տնտեսագետի» նոր համարը, որտեղ տպագրված էր Երանուհի Մկոյանի «Թաթիկներից մինչև ձեռք» պատմվածքը, չորս հաղթողներին նկարիչ Արթուր Հարությունյանը նվիրեց միջոցառման ընթացքում կատարած ընկերական շարժեր, միջոցառմանը նոր փայլ ու երանգ հաղորդեց մանկական պարի համույթը` ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի ուսանողուհի Աննա Ալեքսանյանի ղեկավարությամբ:
ԱՐՁԱԿ-2013 պատմվածքի մրցույթն ամփոփվեց` թողնելով ստեղծագործական նոր նախաձեռնությունների սպասում:






 


ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նորությունը դիտվել է 774 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք