Նորություններ

Բաժիններ

 

Միջազգայնագետները հմտանում են բանակցային արվեստում

12 Դեկտեմբեր 2017

Միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտության 4-րդ կուրսում «Միջազգային առևտուր» առարկայի դասախոս, տ.գ.դ., պրոֆեսոր Զոյա Թադևոսյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Թիմային խաղ» բաց դասը, որի ընթացքում ուսանողներն ի ցույց դրեցին  առևտրային բանակցային հմտությունները:

Խաղի ընթացքում 2 թիմերից մեկը ներկայացնում էր կահույքի միջազգային կազմակերպություն, մյուսը՝ փայտանյութ արտադրող ընկերություն: Գործընկերներ ձեռք բերելու նպատակով կողմերը բանակցում էին՝ միմյանց ծանոթացնելով իրենց գործունեությանը, առևտրաշրջանառության ծավալներին, ֆինանսական և տնտեսական ցուցանիշներին, սպառման շուկային և այլն: Հաջող բանակցությունների արդյունքում, թիմերը կնքեցին համագործակցության պայմանագիր:

Ուսանողները մեծ խանդավառությամբ էին պատրաստվել «բեմականացմանը», ներկայացել պատշաճ հագուկապով:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց դասախոսը՝ պրոֆեսոր Զոյա Թադևոսյանը, դասընթացի շրջանակում գործնական գիտելիքներ են հաղորդվում՝ ինչպես գտնել գործընկերներ և իրականացնել արտաքին առևտրային գործարքներ, որում կարևոր են թե' ուղղակի, թե' միջնորդավորված կապերը, գործարքներ կնքելու և իրականացնելու տեխնիկան, պայմանագրերի կնքումն ու պայմանագրի կետերի իրականացումը, ներառյալ արբիտրաժը, վարկավորումը և այլն: Միաժամանակ, տնտեսագետ-միջազգայնագետները զարգացնում են բանակցային հմտությունները:

«Միջազգային առևտուր իրականացնողները բանակցային գործընթացում պետք է կարողանան ճիշտ ոճով հանդես գալ, գործընկերոջը հոգեբանորեն ճանաչեն, առավելագույնս ներկայացնեն իրենց մրցակցային առավելությունները: Գործնականում այս ամենը պատկերացնելու համար կազմակերպվում են նմանօրինակ թիմային խաղեր»,-նշեց Զոյա Թադևոսյանը հավելելով, որ այս գործնական պարապմունքները և' արդյունավետ են գիտելիքի ամրագրման տեսանկյունից, և' հետաքրքիր են ուսանողների համար:

  

 

  

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 547 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք