Նորություններ

Բաժիններ

 

Մեր համալսարանում մեկնարկեց արտասահմանցի երիտասարդների ուսումնառության ծրագիրը

27 Նոյեմբեր 2012

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Քանաքեռ–Զեյթուն համայնքում գտնվող մասնաշենքում այսօր սկսվեցին արտասահմանցի ուսանողների  (Հնդկաստան և Նեպալ) նախապատրաստական դասընթացները` ազդարարելով  բուհի պատմության մեջ առաջին անգամ իրականացվող  արտասահմանցի  քաղաքացիների ուսուցման ծրագրի մեկնարկը: Այս առնչությամբ  ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը արտասահմանցի ուսանողներին դիմեց ողջյունի խոսքով:

 

«Սովորեք սովորել, գիտելիքներ կուտակել, քանզի  դա է  բարեկեցիկ կյանքով ապրելու արժանապատիվ ճանապարհը: Սովորեք սովորել, որպեսզի լիարժեքորեն ներգրավվեք ձեր երկրների զարգացման գործում»,- շնորհավորելով  ուսումնառության մեկնարկի կապակցությամբ՝ ասաց պրոռեկտորը և հաջողություններ մաղթեց արտասահմանցի ուսանողներին: Նա նշեց, որ իրենց այստեղ հնարավորություն կընձեռվի սովորել հայերեն, ծանոթանալ հայոց պատմությանը և մշակույթին:

Գագիկ Վարդանյանի շնորհավորական խոսքից հետո  ուսանողներին բաժանվեցին անգլերենով հայոց լեզվի ուսուցման ձեռնարկներ և սկսվեց առաջին` հայոց լեզվի դասը, որը վարեց ՀՊՏՀ օտար լեզուների ամբիոնի դոցենտ Լուսինե Հարությունյանը:

 «Արտասահմանցի ուսանողների ուսուցումը մեր բուհում իրականացնելու համար կատարվել են  զգալի նախապատրաստական աշխատանքներ,  կազմվել են ժամանակի ոգուն համահունչ ուսումնական պլաններ և ծրագրեր, կազմակերպվել են դասախոսների  սեմինարներ, նախատեսվում են նաև վերապատրաստոմներ արտասահմանում»,- կարևորելով այսպիսի ծրագրի իրականացումը` ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց Գագիկ Վարդանյանը: Նրա խոսքով` այս ծրագրի իրականացմամբ  բուհն առաջին անգամ  արտահանում է իր կրթական ծառայությունը, որը  ենթադրում է մրցակցություն:

 

«Այս գործընթացը կնպաստի, որ մեր բուհն էլ ավելի բարելավի ուսումնամեթոդական աշխատանքները` դրանք դարձնելով ժամանակակից կրթական պահանջներին  համապատասխան»,- ասաց պրոռեկտորը` նշելով, որ  վերոնշյալ խնդիրը կարևորվում է նաև բոլոնյան գործընթացի և  որակի ապահովման այսօրվա պահանջների համատեքստում: Գագիկ Վարդանյանի դիտարկմամբ` բացի վերոնշյալից, արտասահմանցի ուսանողներին դասավանդելու ընթացքում մեր երիտասարդ դասախոսներն  էլ ավելի կբարելավեն  օտար լեզուների իրենց   իմացությունը, իսկ մեր ուսանողներն արտասահմանցիների հետ շփումների ընթացքում կծանոթանան այլ երկրների մշակույթին ու պատմությանը, սովորույթներին:

 Արդյունավետ ուսումնառություն և հաջող ընթացք ենք մաղթում բոլորին:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նորությունը դիտվել է 590 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք