Նորություններ

Բաժիններ

 

Մեր համալսարանի զարգացման ծրագրերը շարունակվում են. կայացավ ՀՊՏՀ ռեկտորի ամենամյա հանդիպումը ուսանողների հետ (լուսանկարներ)

20 Նոյեմբեր 2014

ՀՊՏՀ հանդիսությունների մեծ դահլիճում այսօր  տեղի ունեցավ համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի ամենամյա հանդիպումը  ուսանողների հետ, որի նպատակն էր համալսարանում կատարված աշխատանքները, ծրագրերը ներկայացնելը, ուսանողությանը հուզող հարցերին պատասխանելը: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը, ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, ՈւԽ նախագահ Սերգեյ Խառատյանը:

 

Ողջունելով ներկաներին՝ ռեկտոր Կորյուն Աթոյանը նշեց, որ յուրաքանչյուր տարի կազմակերպվում է ուսանողության հետ հանդիպում, որի նպատակն է բարձրացնել ուսանողությանը հուզող հարցերը և փորձել դրանց լուծում տալ: Հանդիպման սկզբում ռեկտորն ամփոփ ներկայացրեց բուհում վերջին տարիներին իրակացված ծրագրերը, ներկա գործունեությունը՝ ընդգծելով, որ համալսարանի ղեկավարության համար առանցքայինը կրթության որակի բարելավումն է: Բուհի ղեկավարը հավաստիացրեց, որ արվում է ամեն ինչ՝ բոլոր ուղղություններով  բուհի առաջընթացն ապահովելու համար: Անդրադառնալով բուհում գիտահետազոտական կյանքի ակտիվացմանը՝ Կորյուն Աթոյանը խոսեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին՝ ընդգծելով, որ հետազոտական աշխատանքներում ընդգրկվում են նաև ուսանողներ (մագիստրանտներ):  «Հետազոտություններն ինքնանպատակ չեն, աշխարհի լավագույն համալսարանները նաև լավագույն հետազոտական կենտրոններ են:

Դասախոսը,  զբաղվելով հետազոտական աշխատանքով, ընդլայնում է իր գիտելիքները և այն փոխանցում ուսանողներին », -ասաց ռեկտորը և կարևորեց ուսանողների՝ հետազոտական աշխատանքներում ներգրավված լինելը:

Կորյուն Աթոյանը ներկայացրեց բուհի ընդգրկվածությունը միջազգային ծրագրերում, խոշոր նախագծերը, կրթական միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը, վերջում անդրադարձավ նաև ուսանողների առօրյային՝ շեշտելով, որ կարևոր է, որ այն լինի բովանդակային, քանի որ բուհը միայն  գիտելիք տվող կառույց չէ, այլև միջավայր, որտեղ ձևավորվում է քաղաքացին: Ռեկտորը խոսեց նաև  ՀՊՏՀ-ի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի մասին՝ ուղղված ուսանողների սոցիալական խնդիրների լուծմանը: «Մեր համալսարանի զարգացման ծրագրերը շարունակվում են»,- ընդգծեց Կորյուն Աթոյանը:

Ելույթից հետո խոսքը տրամադրվեց ուսանողներին, ովքեր բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը: Հնչեցին բուհի մագիստրոսական ծրագրերին, փոխատեղմանը (ռոտացիա), գործատուների հետ հարաբերություններին, պրակտիկ գիտելիքներ ձեռք բերելուն, կարգապահությանը, էլեկտրոնային գրադարանի՝ բուհից դուրս մատչելիությանն առնչվող և այլ հարցեր: Յուրաքանչյուր հարցին առանձին-առանձին պատասխանելուց հետո, ռեկտորը խորհուրդ տվեց ուսանողներին պահանջատեր լինելուց բացի, նաև պատասխանատվության զգացում ունենալ սեփական կրթության հանդեպ, ինչը կնպաստի ուսումնառության արդյունավետության բարձրացմանը: «Պետք է համատեղ ուժերով դիմագրավենք կրթության ոլորտում առկա մարտահրավերներին. դուք՝ որպես շահառուներ, մենք՝ որպես ծառայություններ մատուցողներ, պետք է քայլ առ քայլ շտկենք առկա խնդիրներն ու բարձրացնենք կրթության որակը»,- եզրափակեց Կորյուն Աթոյանը՝ հույս հայտնելով, որ ուսանողների հետ համատեղ քննարկումները նպաստում են առկա խնդիրների լուծմանը:

  

 

  

 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


 Նախորդ  նորություններն` այստեղ  

Նորությունը դիտվել է 386 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք