Նորություններ

Բաժիններ

 

Մեր բուհում նշվեց վիճակագրության օրը. ՀՊՏՀ-ն վիճակագիրներ թողարկող միակ հայաստանյան բուհն է

20 Հոկտեմբեր 2015

Վիճակագրության համաշխարհային օրվա առիթով այսօր ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում տեղի ունեցավ միջոցառում՝ մեր բուհի աշխատակիցների, նշված ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանի, վիճակագրության ամբիոնի դասախոսական անձնակազմի, ուսանողների և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի «Ժողովրդագրության և զարգացման ծրագրի» ղեկավար Աննա Հովհաննիսյանի, նույն գրասենյակի հաղորդակցության մասնագետ Մհեր Մանուկյանի մասնակցությամբ:

Միջոցառումը նախաձեռնել էր ՀՊՏՀ գրադարանի տնօրինությունը՝ ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի հետ համատեղ:

Ներկաներին ողջունեց դեկան Մանուկ Մովսիսյանը՝ վիճակագիրներին  շնորհավորելով  մասնագիտական  տոնի առիթով: Դեկանը կարևորեց վիճակագրական տեղեկատվության դերը արդի ժամանակաշրջանում՝ շեշտելով, որ այն ամենաթանկ տեղեկատվություններից մեկն է:

Ողջույնի խոսք ասաց մեր բուհի գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը: Նա մեջբերեց մի քանի ասույթներ վիճակագրության վերաբերյալ և իր հերթին շեշտեց, թե որքան կարևոր աշխատանք են իրականացնում վիճակագիրները:

Աննա Հովհաննիսյանն իր ելույթում վստահեցրեց ուսանող-վիճակագիրներին, որ նրանք ճիշտ ընտրություն են կատարել մասնագիտության հարցում և նշեց, որ առանց հավաստի վիճակագրական տվյալների ոչ մի պետություն չի կարող զարգանալ:

 Ելույթներից  հետո ցուցադրվեց 2 ֆիլմ. առաջին ֆիլմը պատմում էր Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) գործունեության, առաքելության մասին, իսկ երկրորդը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կատարած ՀՀ բնակչության վերարտադրողական վարքագծի վերաբերյալ ընտրանքային հետազոտություն էր:

Առաջին ֆիլմում ԱՎԾ աշխատակիցները պատմում էին վիճակագրի մասնագիտության առանձնահատկությունների մասին: Ֆիլմի դիտումից հետո ուսանողները կրկին գիտակցեցին իրենց մասնագիտության կարևորությունը: Երկրորդ ֆիլմը ներկայացնում էր վիճակագրական հետազոտություն կատարելու հմտություններ և տեղեկույթ էր հաղորդում մեր երկրի բնակչության վերարտադրողական վարքագծի մասին. օրինակ, թե որոնք են ցածր ծնելիության  հիմնական պատճառները:

Հանդիպման ավարտին միջոցառման կազմակերպիչներին իր շնորհակալությունը հայտնեց տ.գ.թ., պրոֆեսոր Մարտին Ֆահրադյանը: Պրոֆեսորը նշեց, որ վիճակագիրը պետք է ունենա գիտելիքների բարձր մակարդակ, քանի որ նա ոչ միայն տվյալներ է հավաքագրում, այլև՝ գիտականորեն վերլուծում  է դրանք:

Հանդիպումը եզրափակեց Մանուկ Մովսիսյանը՝ նշելով, որ Վիճակագրի տոնը ամեն տարի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում նշանավորվում է հետաքրքիր և ուսանողներին  օգտակար միջոցառումներով: Դեկանը հպարտորեն ընդգծեց, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը վիճակագիրներ թողարկող միակ հայաստանյան բուհն է:

Կրկին շնորհավորում ենք վիճակագիրներին՝ մասնագիտական տոնի առիթով:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


 

 Նախորդ  նորություններն` այստեղ 

 


 

 

 

Նորությունը դիտվել է 314 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք