Նորություններ

Բաժիններ

 

Մասնագիտության արդի հիմնախնդիրների շուրջ՝ ՈւԳԸ ֆակուլտետային նիստում

15 Դեկտեմբեր 2017

Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել Ուսանողական գիտական ընկերության նիստ, որին մասնակցել են  բակալավրիատի ավագ կուրսերի ուսանողներն ու մագիստրանտները: Հնչել են  13 զեկուցումներ՝ ֆինանսական հաշվառման, կառավարչական հաշվառման և աուդիտի արդի հիմնախնդիրների շուրջ: Նիստը համակարգել են ֆինանսական հաշվառման ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Անուշ Գասպարյանը և կառավարչական հաշվառման ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Նարինե Միրզոյանը: Թեմաների ընտրության և ուսումնասիրության հարցում ուսանողներին աջակցել են նշված ամբիոնների դասախոսները:

Գիտական միջոցառմանը ներկա են եղել հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Մերի Բադալյանը, դեկանի տեղակալ Սոնա Ղազարյանը, կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., դոցենտ Լիանա Գրիգորյանը, դասախոսներ:

Մեզ հետ զրույցում Լիանա Գրիգորյանն ասաց, որ նիստին մասնակցել են ֆակուլտետի լավագույն ուսանողները, որոնք կատարել են արժեքավոր գիտահետազոտական աշխատանքներ, ներկայացրել կիրառական նշանակություն ունեցող առաջարկություններ:   

«Համախմբել ենք ֆակուլտետի գիտական ներուժը և այս փուլի արդյունքում ընտրել ուսանողների, որոնք կմասնակցեն ՈւԳԸ համալսարանական փուլին: Երիտասարդ հետազոտողներն իրենց զեկուցումներում անդրադարձել էին Հարկային օրենսգրքի 2018թ. նախատեսվող փոփոխություններին, քաջատեղյակ էին իրենց մասնագիտական  ոլորտին առնչվող մերօրյա խնդիրներին: Արձանագրենք, որ ուսանողները կարողանում են ինքնուրույն ուսումնասիրություններ կատարել, օգտվել արժանահավատ աղբյուրներից և մշակել վերհանված հիմնախնդիրներին ուղղված առաջարկություններ»,-ասաց ամբիոնի ղեկավարը:

Նշենք, որ այսօր զեկուցումներով հանդես են եկել մագիստրանտներ Էլեն Ավալյանը և Հռիփսիմե Ալբերտյանը, 4-րդ կուրսի ուսանողներ՝ Դավիթ Վարդանյանը, Լալա Պետրոսյանը, Տաթևիկ Դավթյանը, Լիանա Մնոյանը, Մերի Մելքոնյանը, 3-րդ կուրսից՝ Աշխեն Սուլթանյանը, Արամ Մելքումյանը, Լիլիթ Հկիլիկյանը, Իսկուհի Քամալյանը, Արաքսյա Շաքրիկյանը, Միլենա Թարվերդյանը:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 461 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք