Նորություններ

Բաժիններ

 

Մասնագիտական կողմնորոշման զրույց-խորհրդատվություն զորամասերում

29 Դեկտեմբեր 2017

ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ հայաստանյան մի շարք բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ երեկ՝ դեկտեմբերի 28-ին այցելել են Արարատ և Վայք քաղաքների զորամասեր և մասնագիտական կողմնորոշման զրույց-խորհրդատվություն վարել այն զինվորների հետ, որոնք պատրաստվում են հայրենիքի առջև իրենց պարտքը կատարելուց հետո դիմել բարձրագույն ուսումնական հաստատություն և ստանալ մասնագիտական կրթություն:

Մեր համալսարանի ղեկավարության հանձնարարությամբ այս նախաձեռնությանն անդամագրվել են ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ, դոցենտ Վարդան Վլասյանը և տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, դոցենտ Արսեն Պետրոսյանը:

Մեր գործընկերների հավաստմամբ՝ նրանք ներկայացրել են մեր համալսարանի կառուցվածքը, մասնագիտությունները, ուսումնական դրվածքը, արհեստավարժ պրոֆեսորադասախոսական կազմը, զեղչային ճկուն համակարգը, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման շուրջ առանձնազրույց ունեցել զինվորների հետ:

«Զորամասերում հանդիպեցինք մեր ուսանողներից մի քանիսին: Ուրախալի էր ականատես լինել, թե մեր սաներն ինչ պատասխանատվությամբ ու լրջությամբ են անցնում ծառայությունը: Ուրախալի էր, երբ Վայքի զորամասի անցակետի մոտ մեզ դիմավորեց կառավարման ֆակուլետի առաջին կուրսի ուսանող Գևորգ Գալստյանը: Իսկ դահլիճում հանդիպեցի կրկին կառավարման 1-ին կուրսեցի Վահե Մկրտչյանին»,- մեզ հետ զրույցում ասաց Վարդան Վլասյանը՝ ընդգծելով, որ ապագա ուսանողներին գլխավորապես հետաքրքրում և հուզում էր կիրառվող զեղչային համակարգը:

Արսեն Պետրոսյանը հավելեց, որ իրենք զինվորներին շնորհակալություն են հայտնել ծառայության, մեր երկիրը խաղաղ ու անառիկ պահելու համար, մաղթել առողջություն, կորով ու ձեռքբերումներ գալիք տարում, շնորհավորել են Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ինչպես նաև հավաստիացրել են, որ մեր համալսարանի դռները բաց են ուսումնատենչ երիտասարդների համար:

Այնուհետև հյուրերը զինվորների հետ մեկտեղ մասնակցել են տոնական ճաշի:

        

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 789 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք