Նորություններ

Բաժիններ

 

ՀՊՏՀ տարեկան գիտաժողովի արդյունքներն ամփոփվեցին եզրափակիչ լիագումար նիստում (լուսանկարներ)

01 Դեկտեմբեր 2017

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր կայացավ «Տնտեսության և հասարակության զարգացում. 21-րդ դարի մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով 27-րդ գիտաժողովի արդյունքներն ամփոփող եզրափակիչ լիագումար նիստը, որին մասնակցում էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, դեկաններ, ամբիոնների վարիչներ, գիտաուսումնական լաբորատորիաների և վարչական ստորաբաժանումների ղեկավարներ:

Բացելով նիստը՝ Գագիկ Վարդանյանը նշեց, որ այս տարվա գիտաժողովը ձևաչափով տարբերվում էր և յուրօրինակ մարաֆոն էր, քանի որ սկսվեց  նոյեմբերի 22-ին և ավարտվեց միայն այսօր՝ իր մեջ ընդգրկելով ոչ միայն ավանդաբար կազմակերպվող բաժանմունքների, այլև կլոր սեղանների աշխատանքը: Սրա նպատակը, Գագիկ Վարդանյանի խոսքով, մեր գիտնականների ներուժը բացահայտելը, նորաստեղծ գիտաուսումնական լաբորատորիաների աշխատանքը խթանելը և հետագայի համար հետաքրքրություն ներկայացնող հետազոտական թեմաները նախանշելն էր: Այնուհետև պրոռեկտորը խոսքը փոխանցեց 7 բաժանմունքների համակարգողներին և ենթահամակարգողներին, որոնք ներկայացրեցին իրենց բաժանմունքներում իրականացված աշխատանքները, հնչած զեկուցումները, առանձնացրին գիտական առումով առավել հետաքրքիր ու արդիական հարցադրումներով հագեցած աշխատանքները:

Հիշեցնենք, որ գիտաժողովն ընթացավ հետևյալ 7 բաժանմունքներում՝ «Ինստիտուցիոնալ և կառուցվածքային բարեփոխումներ» (բաժանմունքի համակարգող՝ «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Ատոմ Մարգարյան), «Բնօգտագործման տնտեսագիտություն և շրջակա միջավայր» (համակարգող՝ ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Գևորգյան),  «Դրամավարկային քաղաքականություն և տնտեսական աճ» (համակարգող՝ «Դրամավարկային քաղաքականություն և տնտեսական աճ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մաթևոսյան), «Ֆինանսական ներգրավվածություն:

Բանկեր և այլ ֆինանսավարկային հաստատություններ» (համակարգող՝ «Ֆինանսական ներգրավվածություն» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տ.գ.դ., դոցենտ Սերգեյ Սուքիասյան), «Մշակույթը և սոցիալական կապիտալը որպես հասարակության զարգացման գործոններ» (համակարգող՝ «Սոցիալական հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Ելենա Մանուկյան), «Արտաքին տնտեսական քաղաքականություն և միջազգային ինտեգրում» (համակարգող՝ ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչի պաշտոնակատար, տ.գ.դ., դոցենտ Դիանա Գալոյան) և «Տարածքային զարգացումև տարածաշրջանային տնտեսագիտություն» (համակարգող՝  ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող, տ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Ավետիսյան):

Ընդհանուր առմամբ, պրոռեկտորի գնահատմամբ, ՀՊՏՀ 27-րդ գիտաժողովը հաջողված էր՝ չնայած որոշակի թերություններին, որոնց շտկման ուղղությամբ հնչեցին առաջարկներ: Որպես գիտաժողովի նկատմամբ հետաքրքրության ապացույց՝ Գագիկ Վարդանյանը ներկայացրեց գիտաժողովի ամբողջ նստաշրջանի աշխատանքների լուսաբանումների դիտումները ՀՊՏՀ կայքում՝ շեշտադրելով, որ շուրջ 7 հազար դիտումները վկայում են, որ մեր գիտնականներին հետաքրքրել է կատարվող աշխատանքը:

 

  

 

  

 

  

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 745 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք