Նորություններ

Բաժիններ

 

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը ամանորյա ուղերձ է հղել

31 Դեկտեմբեր 2017

Սիրելի ՀՊՏՀ-ականներ, գեղեցիկ ավանդույթի համաձայն, ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը տարեմուտի շնորհավորանք է հղել, որը սիրով ներկայացնում ենք ստորև:

 Հարգելի° բարեկամներ,

2017 թվականն ավարտվեց, մեզանից յուրաքանչյուրը ևս մեկ տարով հարստացրեց իր կենսագրությունը: Մեր ընտանիքների ու մեր հայրենիքի, ամբողջ մարդկության համար ևս մեկ տարի թողեց իր անջնջելի հետքը: 365 օրերի շարանում հասցրեցինք աշխատել, պայքարել, ձգտել, կերտել ու կառուցել: Աշխարհն ապրեց վատ ու լավ բազում իրադարձություններ, որոնք իրենց անդրադարձը ստացան մեր սրտերում, մեր ապրումներում ու կենսակերպում: Շատերի համար անցյալի գիրկն անցած տարին սահեց երջանիկ ակնթարթի պես, ոմանց համար ձգվեց երկար ու տանջալից: Ամեն ինչ կախված է նրանից, թե հարափոփոխ մեր ժամանակներում մեզ ինչ բաժին հասավ, ինչ փորձությունների միջով անցանք, ինչպես հաղթահարեցինք դժվարությունները, ինչ ձեռքբերումներ արձանագրեցինք և որքան լավատես եղանք:

Սիրելի° գործընկերներ, ուսանողներ, մեր մեծ կոլեկտիվում էլ, ինչպես ամենուր, գրանցվեցին մեծ ու փոքր, լավ ու վատ իրադարձություններ, սակայն մենք շեշտադրեցինք լավը և հենց դրա վրա փորձեցինք կառուցել նոր ձեռքբերումները: Անհաջողությունները, սակայն, չանտեսեցինք, այլ փորձեցինք դասեր քաղել ու հետևություններ կատարել:

Ինչևիցե, հնի ու նորի սահմանագծին նայում ենք առաջ, տոգորվում հույսով ու դրական սպասումներով, վառ գալիքի լույսի մեջ տեսնում մեր նորօրյա հաջողություններն ու հաղթանակները:

 Իսկ մեր հաղթանակները կերտողները մենք ենք. բոլոր նրանք, ովքեր բարեխիղճ աշխատանքով, բանիմացությամբ ամեն օր ծառայում են իրենց ընտրած գործին, ուսանողներն են, ովքեր գալիս են իսկապես ուսում առնելու, գնահատում են իրենց կյանքի լավագույն ժամանակը, իրենց ծնողների ջանքերը և ցանկանում են հասարակության արժանավոր անդամ դառնալ:

Հուսով եմª 2018 թվականը լինելու է բարեբեր տարի, առողջության, խինդ-ուրախության, մեր հայրենիքի համարª խաղաղության ու վերելքների ժամանակաշրջան: Համոզված եմª մեր կոլեկտիվն աշխատելու է միասնաբար ու միահամուռª ավելի ամրապնդելով ու բազմապատկելով իր ձեռքբերումները գիտության ու կրթության ոլորտում, մեր ուսանողները ավելի լավ են սովորելու ու առավել մրցունակ են լինելու: 

Եկե՛ք ապավինենք մեր ուժին, կամքին ու աշխատասիրությանը, փայփայենք ու իրագործենք մեր լուսավոր ու նվիրական երազանքները, հավատանք բարու, ազնիվի հաղթանակին ու լավատեսությամբ կերտենք գալիքի մեր օրերը:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

ԿՈՐՅՈՒՆ ԱԹՈՅԱՆ

ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր


 Նախորդ  նորություններն`    այստեղ

Նորությունը դիտվել է 1558 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք