Նորություններ

Բաժիններ

 

ՀՊՏՀ-ում մեկնարկել է 2017-2018 ուստարվա ընդունելությունը. առաջին դիմորդն արդեն հայտագրվել է

05 Մայիս 2017

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մեկնարկել է 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության գործընթացը: Մայիսի 5-ից հունիսի 1-ն ընդունելության առաջին փուլն է՝ գալիք ուստարվա առկա բակալավրիատի կրթական ծրագրով:

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը վաղ առավոտից սկսել է աշխատանքը: Այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, Տնտեսագիտական համալսարանն ընդունելություն է իրականացնում 11 մասնագիտությունների գծով: Մասնագիտություններին, վարձավճարներին, ընդունելության անհրաժեշտ փաստաթղթերին և այլ մանրամասների ծանոթացեք հետևյալ հղումով՝ http://media.asue.am/upload/ndunelutyun_2017/Haytararutyun.pdf :

Ի գիտություն դիմորդների, ՀՊՏՀ 6 մասնագիտությունների գծով ընդունելությունն իրականացվում է 2 քննությամբ («Հայոց լեզու» կամ «Օտար լեզու» առարկաների գնահատականը վերցվում է ատեստատից): Այս մասին մեզ հայտնեց ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը Վադիմ Գրիգորյանը:

Այսօր հայտագրվեց մեր համալսարանի առաջին դիմորդը: Նա Արագածոտնի մարզի Գեղձորի Արտակ Օհանյանի անվան դպրոցի աշակերտ Կարինե Մալխասյանն է: Մեզ հետ զրույցում դիմորդն ասաց, որ Տնտեսագիտական համալսարանի մասին պարբերաբար տեղեկատվություն է ստանում համալսարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից, նաև՝ եղբայրը ՀՊՏՀ  ուսանող է: Կարինեն գերազանցիկ աշակերտուհի է, մրցանակային տեղեր է զբաղեցրել դպրոցական առարկայական օլիմպիադաներում:

«Կանգնած եմ ՀՊՏՀ ուսանողը դառնալու շեմին և անկեղծ ասած հուզվեցի, երբ իմացա, որ այս տարվա առաջին դիմորդն եմ: Ջանք չեմ խնայի ընդունելության քննությունները հաջող հանձնելու համար»,-ասաց Կարինեն և շնորհակալություն հայտնեց ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովին՝ ջերմ ընդունելության և բուհի հետ առաջին ծանոթությունը հիշարժան դարձնելու համար:   

Մենք զրուցել ենք նաև դիմորդի մայրիկի՝ Նելլի Մխիթարյանի հետ. «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը մեր երկրում տնտեսագիտական կրթություն տվող ամենահեղինակավոր բուհն է, որդիս սովորում է հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում, և ծանոթ ենք բուհի դասախոսական կազմին, համալսարանի բազմաբովանդակ առօրյային և այլն: Երկու երեխաներիս ապագայի հետ կապված մեծ ակնկալիքներ ունեմ, կարծում եմ ՀՊՏՀ-ում ստացած նրանց մասնագիտությունը ճանապարհ կհարթի դեպի  բարեկեցիկ ապագա»,-նշեց դիմորդի մայրը:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Վադիմ Գրիգորյանը նշեց, որ հանձնաժողովն աշխատելու է ամեն օր, բացառությամբ մայիսի 7-ի, 9-ի, 14-ի: Աշխատանքային ժամերն են՝ 9.00-17.30-ը՝ ներառյալ շաբաթ-կիրակի օրերը:

Ընդունող հանձնաժողովը գտնվում է ֆինանսական ֆակուլտետի 1-ին հարկում. հասցե՝ Նալբանդյան 128, հեռախոս՝ 593 473 :

Հարգելի դիմորդներ, ՀՊՏՀ-ում ընդունելության գործընթացին վերաբերող տեղեկատվությունը հասանելի է առանձին բացված խորագրում, կարող եք այցելել հետևյալ հղումով՝ http://www.asue.am/am/դիմորդ/հպտհ-դիմորդ-363: Այս տարվա դիմորդների համար նաև պատրաստվել է տեղեկատվական գրքույկ, որի էլեկտրոնային տարբերակը առկա է հետևյալ հղումով՝ http://www.asue.am/am/էջեր-220//անհրաժեշտ-տեղեկատվություն-հպտհ-դիմորդների-համար-բուկլետ-3210:

Բոլոր դիմորդներին մաղթում ենք հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին   


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 4124 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք