Նորություններ

Բաժիններ

 

ՀՊՏՀ-ում մեկնարկել է գիտաուսումնական լաբորատորիաների աշխատանքը

30 Հոկտեմբեր 2017

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ստեղծվել են գիտաուսումնական 4 լաբորատորիաներ՝ «Ֆինանսական ներգրավվածություն» /ղեկավար՝ տ.գ.դ., դոց. Սերգեյ Սուքիասյան/,  «Դրամավարկային քաղաքականություն և տնտեսական աճ» /ղեկավար՝ տ.գ.դ., պրոֆ. Աշոտ Մաթևոսյան/, «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» /ղեկավար տ.գ.թ., դոց. Ատոմ Մարգարյան/ և «Սոցիալական հետազոտություններ» /ղեկավար տ.գ.թ., դոց. Ելենա Մանուկյան/:

ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանի պարզաբանմամբ՝ գիտաուսումնական լաբորատորիան՝ համաձայն 2014թ. մարտի 26-ին ՀՊՏՀ գիտական խորհրդի կողմից հաստատված «Գիտաուսումնական խմբերի հետազո­տական նախագծերի մրցույթի վերաբերյալ», կանոնակարգի՝ ակադեմիական տարատեսակ հետազոտություններով զբաղվող պրոֆեսորադասախոսական կազմից, գիտաշխատողներից, ասպիրանտներից, ուսանողներից կազմված կոլեկտիվ է, որոնց ստեղծման հիմքը՝ կոլեկտիվ նախագծերի իրականացման համար համապատասխան միջավայրի ստեղծումն է տվյալ ֆակուլտետի ներսում: Գիտաուսումնական լաբո­րատորիաները կառուցվում են հորիզոնական համագործակցության սկզբունքներով և դառնում են ակադեմիական միջավայրի աճի հիմքը:

Գիտաուսումնական լաբորատորիաների գործունեության առանցքային ուղղությունների, խնդիրների և հեռանկարների մասին մեր զրույցը ստորև:

-Պարոն Մխիթարյան, խնդրում ենք անդրադառնալ գիտաուսումնական լաբորա­տորիաների ստեղծման անհրաժեշտությանը:    

-Բարձրագույն համալսարանական կրթության ժամանակակից մոդելների վեր­լուծության արդյունքում ակնհայտ է դառնում գիտական և գիտահետազոտա­կան գործունեության ինստիտուցիոնալ կարողությունների հետագա զարգացման անհրաժեշտությունն ու հրատապությունը կրթական ծառայությունների բացա­ռիկ սուր մրցակցության պայմաններում, որը ենթադրում է գիտաուսումնական լաբորա­տորիաների կայացումը կրթական և գիտական գոր­ծընթացների ինտեգրման, հիմնարար և կիրառական գիտական հետա­զոտությունների արդյունավետու­թյան բարձրացման, ինչպես նաև գիտական և գիտահետազոտական գործունեության բնագավառում նորա­ստեղծական ներուժի՝ ըստ ամենայնի բարձրացման նպատակով: Այս առումով մեր համալսարանն արդեն ունի որոշակի փորձ 2014-2016թթ. ներհամալսարանական գիտական դրամաշնորհների տրամադրման արդյունքում ձևավորված կոլեկտիվ և ստեղծագործական խմբերի, ինչպես նաև գիտաուսումնական խմբերի գործունեության մեկնարկի կապակցությամբ: Այս առումով գիտաուսում­նական լաբորատորիաները հանդես են գալիս որպես միջանկյալ օղակ գիտաուսումնական խմբերի և գիտական դպրոցների ձևավորման գործընթացում:

Համալսարանի գիտության զարգացման առաքելությունը գիտահետազոտա­կան գործունեության, մասնավորապես՝ հիմնարար, կիրառական և նպատակային գիտական հետազոտությունների հետագա խորացման, գիտա­ուսումնական խմբերի և լաբորատորիաների ստեղծման ու արդյու­նավետ գոր­ծարկման արդյունքում գիտական դպրոցների ձևավորման համար անհրա­ժեշտ նախադրյալների ստեղծումն ու համալսարանական գիտական ներուժի բարձ­րացումն է՝ կրթության, գիտության և նորաստեղծական գործունեության ար­դյունավետ ինտեգրման պայմաներում:

-Իսկ, ընդհանուր առմամբ, որո՞նք են գիտաուսումնական լաբորատորիաների առջև դրված հիմնական խնդիրները:

-ՀՊՏՀ գիտաուսումնական լաբորատորիայի հիմնական խնդիրների շարքից առավելապես կարևորվում են գիտական գործունեության իրականացումը, ազգային տնտեսության զարգացման հիմնախնդիրների հետ կապված հետազոտությունների իրականացումը, ազգային և միջազգային գիտահետազոտական հրապարակումների վերլուծությունը տնտեսամաթեմատիկական մոդելավորման և ազգային տնտեսության քանակական գնահատականի բնագավառում, ՀՊՏՀ դասախոսների, ուսանողների, ասպիրանտների ներգրավումը լաբորատորիայի աշխատանքներին և գիտական հետազոտությունների արդյունքների օգտագործումը կրթական գործընթացում, նոր կրթական դասընթացների պատրաստումը բակալավրիատում և մագիստրատուրայում, ինչպես նաև արտասահմանյան համալսարանների գիտական կենտրոնների հետ համատեղ գիտական հետազոտությունների իրականացումը: Մասնավորապես, «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ»  և «Սոցիալական հետազոտություններ»  լաբորատորիաները մեր գործընկեր շվեյցարական ՈՒՄԵՖ համալսարանի հետ պատրաստվում են կնքել համատեղ գիտական հետազոտու­թյունների իրականացման պայմանագիր՝  վերոհիշյալ ոլորտներում միջազգային հետա­զոտությունների իրականացման նպատակով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 689 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք