Նորություններ

Բաժիններ

 

ՀՊՏՀ-ում հյուրընկալվեց Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանի (ՌԻՆԽ) դոցենտ Ռիմա Զախարովան

03 Մայիս 2013

Հայաստանի պետական տնտեսագիտական և Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանների (ՌԻՆԽ) միջև կնքված երկկողմ պայմանագրի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության զբոսաշրջության ազգային ակադեմիայի  անդամ,  վերոնշյալ համալսարանի ազգային և համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետի  հակաճգնաժամային և կորպորատիվ կառավարման ամբիոնի դոցենտ Ռիմա Մկրտչի Զախարովան այսօր հյուրընկալվեց  մեր համալսարանում՝ հանդիպելով ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանի, ապա նաև՝ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ: 

«Մեր հարգարժան գործընկերն արմատներով հայ է և սերում է Դավիթ Բեկի հայտնի տոհմից: Նա նաև Ռոստովի մարզի հայկական համայնքի անդամ է և հայտնի է իր հայանպաստ գործունեությամբ»,-բուհի դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանը ներկայացնելով հյուրին` ասաց ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը և շնորհակալություն հայտնեց  Ռիմա Զախարովային հանդիպման համար: 

 

«Անչափ ուրախ եմ ու երջանիկ, որ իմ հայրենիքում եմ և շրջապատված եմ հայրենակիցներով: Իմ ծննդավայրը Սյունիքի մարզի Քաջարան քաղաքն է:  Երբ 2 տարեկան էի, ընտանիքով տեղափոխվեցինք Ռոստովի մարզ, սակայն երբեք չմոռացանք մեր հայրենիքը` Հայաստանը և ամեն ինչ արեցինք, որպեսզի օտար ափերում բարձր պահենք հայի պատիվը»,- ողջունելով ներկաներին` ասաց Ռիմա Զախարովան և շնորհակալություն հայտնեց ջերմ հյուրընկալության համար:

Այնուհետև բանախոսը ընդհանուր գծերով ներկայացրեց Ռոստովի մարզը, հայտնի քաղաքները, տեսարժան վայրերը,  խոսեց  Հայաստանի և Ռոստովի մարզի միջև ստեղծված տնտեսական հարաբերությունների, այստեղ ապրող հայերի և նրանց ծավալած գործունեության մասին, անդրադարձավ զբոսաշրջությանն ու հյուրանոցային բիզնեսին: Ռիմա  Զախարովան, ով հյուրընկալության ոլորտի փորձառու մասնագետ է, իր ասելիքն ավելի պատկերավոր դարձնելու համար ներկայացրեց հաղորդվող նյութին առնչվող տեսաֆիլմեր:

Ավարտին  բանախոսը սիրով պատասխանեց ներկաների հարցերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Նորությունը դիտվել է 317 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք