Նորություններ

Բաժիններ

 

ՀՊՏՀ-ում կազմակերպվել է օլիմպիադա

16 Փետրվար 2015

2015 թվականի փետրվարի 14-ին և 15-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում անց է կացվել ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի (НИУ ВШЭ) ուսանողների և շրջանավարտների օլիմպիադա`մագիստրատուրա  դիմել ցանկացողների համար: Օլիմպիադային մասնակցել են հայաստանյան տարբեր բուհերի ուսանողներ:

Այս մասին հայտնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից՝ ներկայացված տեղեկատվության մեջ նշելով, որ փետրվարի 14-ին օլիմպիադան անց է կացվել ֆինանսներ և վարկ, իրավագիտություն, համաշխարհային տնտեսագիտություն, տնտեսագիտություն, մաթեմաթիկական մեթոդներ և վերլուծություն մասնագիտական ուղղություններով, իսկ փետրվարի 15-ին՝ կառավարում, բիզնես, ինֆորմատիկա, լրագրություն, լեզվաբանություն, պատմություն, գովազդ և հանրային կապեր ուղղություններով։

Օլիմպիադայի բացմանը ներկա են գտնվել ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, արտաքին կապերի բաժնի պետ  Վարդ  Ղուկասյանը, նույն բաժնի  գլխավոր մասնագետ Աղավնի  Հակոբյանը: Օլիմպիադան անց են կացրել  «Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի» Հայաստանի նախագծերի համակարգող Նոնա Միրզախանյանը և սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, ՌԴ  «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական  համալսարանի սոցիոլոգիական տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր, «Мир России» ամսագրի գլխավոր խմբագիր Սվետլանա Բարսուկովան։ 

Ողջունելով ազգային հետազոտական համալսարանի ներկայացուցիչներին՝ Գագիկ Վարդանյանը կարևորել է  երկու բուհերի միջև ձևավորված շարունակական համագործակցությունը։ Պրոռեկտորը բարձր է գնահատել ՀՊՏՀ-ում օլիմպիադայի անցկացումը, ինչի մասին  վկայում է  արդեն երկրորդ տարին օլիմպիադան ՀՊՏՀ-ում անցկացնելու ավանդույթը: Սվետլանա Բարսուկովան էլ իր հերթին երախտագիտություն է  հայտնել ՀՊՏՀ-ում օլիմպիադան անցկացնելու հնարավորության համար՝ հույս հայտնելով, որ այսուհետ ևս համալսարանները տարբեր ձևաչափերում կզարգացնեն փոխշահավետ համագործակցությունը և կնպաստեն առավել մրցունակ ուսումնական միջավայրի ձևավորմանը:

Օլիմպիադիայի արդյունքները հայտնի կլինեն մեկ ամսից, իսկ հաղթողները հնարավորություն կունենան  մագիստրոսական անվճար կրթություն ստանալու «Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում»:

 

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն` այստեղ

 

Նորությունը դիտվել է 308 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք