Նորություններ

Բաժիններ

 

ՀՊՏՀ շրջանավարտը՝ միջազգային տնտեսագիտական ինստիտուտի ներկայացուցիչ. հանդիպում ուսանողների հետ

14 Դեկտեմբեր 2016

Մեր համալսարանում այսօր հյուրընկալվել էր Պրահայի Տնտեսագիտական հետազոտությունների և ավարտական կրթության կենտրոն-տնտեսագիտական ինստիտուտի (CERGE-EI) ներկայացուցիչ (ասպիրանտ) Գեղեցիկ Աֆունցը, ով ուսանողներին մանրամասներ հաղորդեց նշված բուհի մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերի, տրամադրվող կրթաթոշակների մասին:

Ինչպես ներկայացրեց բանախոսը՝ CERGE-EI-ն միջազգային տնտեսագիտական ինստիտուտ է, որը հիմնադրել են Պրահայի Չարլզ համալսարանը և Չեխիայի Հանրապետության Գիտությունների ակադեմիան:  Այն ապահովում է ժամանակակից տնտեսագիտական կրթություն և աջակցում տնտեսագիտության ոլորտում հետազոտությունների իրականացմանը, համախմբում է տարբեր երկրների ուսանողների  և հետազոտողների (ավելի քան 50 երկրի): Բուհում դասավանդում են լավագույն մասնագետներ, հրավիրված դասախոսներ, որոնց թվում նաև Նոբելյան մրցանակակիրներ են:

«Մագիստրոսական կրթությունը վճարովի է, սակայն առաջավոր ուսանողները հնարավորություն ունեն օգտվելու զեղչերից, իսկ ասպիրանտականն անվճար է, ավելին՝ CERGE-EI-ն ամսական կրթաթոշակ է տրամադրում ասպիրանտներին, որը ծածկում է կեցության բոլոր ծախսերը»,-ընդգծեց բանախոսը՝ հավելելով, որ կրթաթոշակի մրցույթում առաջնային կարևորությունը տրվում է մաթեմատիկական գիտելիքներին:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Գեղեցիկ Աֆունցն ասաց, որ ՀՊՏՀ շրջանավարտ է, այստեղ ստացել է բակալավրական (մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում) և մագիստրոսական (ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետում) կրթություն, իսկ ասպիրանտուրան սովորում է Պրահայում՝ CERGE-EI-ում: Նրա խոսքով՝ գիտական աշխատանքն արտերկրում խրախուսվում է, ընձեռվում են լայն հնարավորություններ:

Ուսանողներին տրամադրվեցին տեղեկատվական գրքույկներ:

Նշենք, որ միջոցառումը կազմակերպել էր ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը:

  

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին  


 Նախորդ  նորություններն` այստեղ  

Նորությունը դիտվել է 1118 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք