Նորություններ

Բաժիններ

 

ՀՊՏՀ ներկայացուցիչները մասնակցել են բուհ-գործատու համագործակցության նոր մոդելի ներկայացմանը

26 Դեկտեմբեր 2017

Մակրոէկոնոմիկայի ամբիոնի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Կարեն Գրիգորյանը և շարունակական կրթության և կարիերայի բաժնի պետ Աիդա Առուստամյանը դեկտեմբերի 25-ին Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանում մասնակցել են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) մշակած բուհ-գործատու համագործակցության նոր մոդելի ներկայացմանը։ Մասնակցել են մի շարք բուհերի դասախոսներ և կարիերայի բաժինների պատասխանատուներ: Մոդելը ներկայացրել է ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը: Ինչպես տեղեկացնում է Կարեն Գրիգորյանը՝ առաջարկվող մոդելը ենթադրում է գործատուի և դասախոսի միջև միջնորդավորված շփում, երբ մասնագիտական ամբիոնի վարիչը պարբերական հանդիպումներ է ունենում գործատուների հետ, վերհանում նրանց կարիքներն ու պահանջները և դրանք տեսանյութերի միջոցով հասանելի դարձնում դասախոսներին՝ հնարավորություն տալով վերանայել դասավանդման և գնահատման մեթոդաբանությունը և մասնագիտության կրթական ծրագրերը։ Առաջարկվող մոդելի կիրառման ժամանակ մեծ դեր ունի նաև անկախ փորձագետը, ով տեղեկացված է մոդելի սկզբունքների մասին, ունի կրթական ծրագրեր մշակելու և իրականացնելու փորձ: Անկախ փորձագետը վարում է հանդիպումները: Մոդելը հաջողությամբ փորձարկվել է տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավաբանության և մանկավարժության, ՈԱԱԿ-ի նախաձեռնությամբ՝ նաև թարգմանչության ոլորտներում։

Հանդիպման ավարտին ՀՊՏՀ ներկայացուցիչներն իրենց կարծիքն են արտահայտել նոր մոդելի վերաբերյալ և ակտիվորեն մասնակցել ծավալված քննարկմանը: Որոշվել է շահառուների շրջանում հետագայում ևս կազմակերպել նմանատիպ հանդիպումներ, ինչպես նաև վերապատրաստումներ՝ բուհ-գործատու համագործակցության զարգացման նպատակով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 510 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք