Նորություններ

Բաժիններ

 

ՀՊՏՀ հյուրն էր պրոֆեսոր Ժան-Լյուք Քլեմանին

04 Հուլիս 2014


Այսօր ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը հյուրընկալեց Ֆրանսիայի բարձրագույն կրթության և հետազոտության նախարարության Եվրոպական և միջազգային հարաբերությունների և համագործակցության գծով գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Ժան-Լյուք Քլեմանին և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության Համագործակցության և մշակույթի բաժնի Եվրոպական համագործակցության հարցերով կցորդ Տիֆեն Ռամպիյոնին:

ՀՊՏՀ պրոռեկտորը ողջունեց հյուրերին` նշելով, որ ուրախ է մեր համալսարանում հյուրընկալել Ֆրանսիացի բարեկամներին, քանի որ ՀՊՏՀ-ն ունի ֆրանսիական համալսարանների հետ փոխգործակցության լավ ավանդույթներ: Դեռևս 1990-ական թվականներին մեր համալսարանի ավելի քան 50 դասախոսներ վերապատրաստվել են Լիոնի առևտրա-արդյունաբերական պալատում, «Փարիզ-12» համալսարանում, ՀՊՏՀ-ում են հյուրընկալվել ֆրանսիացի պրոֆեսորներ, ովքեր վերապատրաստումներ են իրականացրել պրոֆեսորադասախոսական կազմի համար:

Գագիկ Վարդանյանը ներկայացրեց վերջին տարիներին միջազգայնացման ուղղությամբ ՀՊՏՀ քաղաքականության առաջնահերթությունները, գիտահետազոտական ոլորտում ՀՊՏՀ ձեռքբերումները և հույս հայտնեց, որ առաջիկայում համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի գտնել փոխգործակցության նոր ոլորտներ՝ հիմքեր ստեղծելով ուսանողների և հետազոտողների փոխանակման, համատեղ հետազոտությունների և հրատարակությունների իրականացման, ինչպես նաև գիտահետազոտական կենտրոնների միջև համագործակցության համար:

Իր հերթին Ժան-Լյուք Քլեմանը իր երախտագիտությունը հայտնեց ջերմ ընդունելության, համագործակցության պատրաստակամության համար՝ կարևորելով Հայաստան-Ֆրանսիա գիտակրթական հարաբերությունների խթանումը՝ ներկայացնելով գիտության և հետազոտությունների ոլորտներում փոխգործակցությունը խթանելու ակնկալիքները և համատեղ նախագծերի հեռանկարները: Տիֆեն Ռամպիյոնը պատրաստակամություն հայտնեց ակտիվացնելու բարձրագույն ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ ՀՊՏՀ հետ համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում կստեղծվեն համատեղ նախագծերի իրականացման հիմքեր:

 Կողմերը պայմանավորվեցին տեղեկատվություն փոխանակել համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ և առաջարկություններ մշակել դրանք իրականացնելու նպատակով:

Այս մասին հայտնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից:




ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն` այստեղ  

 
 

Նորությունը դիտվել է 449 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք